ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Международная жизнь» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետք է վերջ դնել ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ական ենթակառուցվածքների առաջխաղացմանը դեպի դեպի արեւելք: Ըստ նրա՝ ռուսական կողմը պետք է բացառի Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է երաշխավորել Ռուսաստանի անվտանգությունը գոնե 1997-ի՝ Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի կնքման պահին եղած պարամետրերով եւ սահմաններով:
«Ուզում եմ շեշտել, որ ամերիկյան կողմը քաջատեղյակ է մեր առաջնահերթություններին եւ նախասիրություններին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն էլ մշտական կապի մեջ է Մոսկվայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ռյաբկովը հավելել է, որ վերջերս մի քանի շատ կարեւոր, նշանակալից հեռախոսազրույցներ են եղել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի եւ Սալիվանի միջեւ։ Նա ասել է, որ քննարկումներից հետո խոսակցություններին պետք է հաջորդեն որոշակի քայլեր: ՌԴ փոխարտգործնախարարը ասել է, որ ռուսական կողմը սպասում է ամերիկյան կողմի հստակ պատասխանին, երբ նրանք պատրաստ կլինեն երկխոսություն սկսելու: