Գյումրու սելեկցիոն կայանում հիմնվել է ժամանակակից ջերմատուն, որտեղ տարեկան աճեցվելու են 100000 դեկորատիվ եւ պտղատու թփերի ու ծառերի տնկիներ։
Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ «Ջինիշյան» հիշատակի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների աջակցությամբ:
«Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի մեկնարկն ամռանը պաշտոնապես ազդարարել էր Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստան այցի շրջանակում:
Վիկտորինը համոզմունք էր հայտնել, որ կանաչ զարգացումը տնտեսական վերականգնման առանցքում է, այդ պատճառով ԵՄ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, վերականգնվող էներգիայի խթանման եւ այլ բնապահպանական ծրագրերի իրականացմանը։
Ջերմատուն-տնկարանների հիմնման համար Եվրոպական միությունը տրամադրել է 50000 եվրո։ Ծրագիրը կավարտվի 2023 թվականի փետրվարի 29-ին։
Գյումրի քաղաքին կից սելեկցիոն կայանի տարածքում հոկտեմբերի կեսից մեկնարկած ջերմոցների շինաշխատանքներն արդեն ավարտված են։ Գյումրու սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ 2 հեկտար մակերեսով ջերմոցները կառուցվել են շատ արագ ու որակով, համալրված են օդափոխման եւ ջեռուցման ժամանակակից համակարգերով։
Սելեկցիոն կայանը կատարել է տարածքի բարեկարգումը, հողային աշխատանքները։ Կողմերի վստահեցմամբ գործընթացն ընթանում է առանց դժվարությունների, յուրաքանչյուրը կատարում է պայմանագրի իր կետերն առանց խախտումների։
Կաղնիներն արդեն տնկել են, հերթը մշտադալար եւ պտղատու տնկիներինն է։ «Այժմ արեւապաշտպան ցանցեր են կառուցվելու, որի տակ տնկիների արտադրական գործընթացի սկիզբն ենք դնելու։ Շրջափուլի եզրափակումը կլինի տնկիների տեղափոխումը համապատասխան հողատարածք»,- ասում է Դավիթ Մարտիրոսյանը։
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրի համակարգող Արթուր Հարությունյանը նախաձեռնության համար Շիրակի մարզն ընտրելու որոշումը պատահական չի համարում, նշում է, որ հաշվի են առնվել մի քանի պատճառներ։ Առաջինն այն է, որ Գյումրու սելեկցիոն կայանը մասնագիտացված կենտրոն է, ինչի շնորհիվ աշխատանքներն ավելի խորացված կիրականացվեն։ Երկրորդ՝ Շիրակում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է, ծրագրի շնորհիվ կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր։ Եվ երրորդ՝ ամենակարեւոր պատճառն այն է, որ անտառներով աղքատ Հայաստանի ամենաանտառազուրկ մարզը Շիրակն է, որտեղ տնկանյութ արտադրելու հնարավորություն չկար, հետեւաբար նոր, լայնամասշտաբ անտառներ հիմնելու մասին խոսք լինել չէր կարող։
Աճեցվող հարյուր հազարավոր տնկիներով մարզում կհիմնվեն անտառներ։ Բացի այդ՝ կկանաչապատվեն նաեւ Գյումրի քաղաքն ու մարզի համայնքները։ Եթե տնկանյութերը բավարարեն Շիրակի մարզի պահանջները, մնացածը կտրամադրվի նաեւ հարակից մարզերին։
«Ծրագիրը խթան կդառնա, որ հաջորդ տարիներին պետական մարմինների ուշադրությունը սեւեռվի այս խնդրին, եւ կշարունակվի անտառների հիմնումը»,- հույս է հայտնում Արթուր Հարությունյանը։
Ծրագրի շրջանակում Գյումրու սելեկցիոն կայանի մեկ աշխատակից կվերապատրաստվի ուսուցման կենտրոնում եւ աշխատանքի կանցնի կայանի գիտական բաժնում, կընդգրկվի սելեկցիոն աշխատանքներում։
2023 թվականի մարտի 1-ից տրված ծրագրի ավարտը չի ենթադրում աշխատանքների դադար։ Տնկիների արտադրությունը կշարունակի Գյումրու սելեկցիոն կայանը, ջերմոցներն էլ կդառնան կայանի սեփականությունը։
Սելեկցիոնում ծրագիր ունեն հետագայում շարունակել տնկիների տրամադրումը համայնքներին եւ դպրոցներին։ Բացի անհատույց տրամադրումից՝ բարձրորակ եւ մարզի կլիմային հարմարեցված տնկիները հասանելի կլինեն նաեւ անհատ տնտեսվարողների համար՝ մատչելի գներով։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։