«Ես դեմ եմ այս համաձայնագրին, որովհետեւ սա փաստաթուղթ է Հայաստանի պետականության եւս մեկ փայաբաժնի եւ ստրատեգիական հեռանկարի վաճառքի մասին: Սա մեկն է այն փաստաթղթերից, որ մեզ` ՀՀ հպարտ քաղաքացիներիս, փորձում է զրկել ազատ եւ երջանիկ, ինքնիշխան ու հզոր Հայաստան ունենալու երազանքից»,- 2013 թվականի դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ստորագրած՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հայտնի այդ գազային համաձայնագրով Հայաստանը ՌԴ-ին փոխանցեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը։ Փոխանցեց 2011-2013 թվականներին օգտագործած գազի դիմաց կուտակած 300 մլն դոլար պարտքի դիմաց։ 2011-ին ՌԴ-ն գազի գինը բարձրացրել էր՝ 1000 խմ-ի դիմաց 180 դոլարից դարձրել մոտ 250 դոլար, բայց այն ժամանակ ՀՀ իշխանությունները դա թաքցրել էին ժողովրդից, ներսում գազը չէին թանկացրել, պարտք էին կուտակել։ Բացահայտել էին 3 տարի անց եւ վճարել «ՀայՌուսգազարդում» ունեցած վերջին բաժնեմասով։
ԱԺ-ում այն ժամանակ ընդդիմությունն այդ գործարքի ու համաձայնագրի համար սուր քննադատության ենթարկեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, թե իշխանությունը գազի թանկացումը գաղտնի է պահել, ներսում չի թանկացրել, որպեսզի 2012-2013 թվականներին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շրջանում ընտրողների դժգոհությունը չհարուցի եւ հաղթի։
Այդպես էլ եղել էր, թե՛ ՀՀԿ-ն, թե՛ Սերժ Սարգսյանը մնացին իշխանության, ինչի պատճառով էլ ամբողջությամբ ՌԴ-ին անցավ գազ մատակարարող ընկերությունը, որն այդ գործարքի արդյունքում վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»։
Եվ ոչ միայն, այդ նույն համաձայնագրով Հայաստանը ստանձնել էր ստորացուցիչ մի պարտավորություն՝ մինչեւ 2043 թվականն ապահովել «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը։ Եթե չեմ սխալվում, տարեկան 9 տոկոս։ Ավելին՝ չպետք է ընդունի որեւէ օրենք, որոշում, որը կհակասի այդ պարտավորությանը։
Մինչեւ 2043 թվականը դեռ 22 տարի էլ կա, եւ արդեն այս շաբաթ մեր երկրի գլխին կախվեց այդ համաձայնագրի հենց այդ պայմանը՝ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում պարտավորություն է ստանձնել 2022-ից սկսած 10 տարի շարունակ յուրաքանչյուր տարի «Գազպրոմ Արմենիային» վճարել 31,79 մլն դոլար։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ «Գազպրոմ Արմենիայի» կողմից իրեն պատկանող «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ կայանում կատարած ներդրումները ոչ միայն չեն վերադարձվել, այլեւ կայանի վերակառուցման համար վերցված վարկային պարտավորություններն ավելացել են։
Իսկ «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էլեկտրաբլոկը մի հետաքրքիր գործարքի արդյունքում ռուսական կողմին էր անցել դեռեւս 2006 թվականին։
«Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 5-րդ բլոկի դիմաց վճարելու է 248 մլն դոլար երեք տարվա ընթացքում: Դրանից միայն առաջին վճարումն է «կենդանի» փող` մոտ 60 մլն դոլար: Մնացածը վճարելու է գազի տեսքով, որն էլ հնարավորություն է տալու ՀՀ Կառավարությանը սուբսիդավորելու սպառողների գազի սակագնի մի մասը: Արդեն դարի գործարք հռչակված այս մեքենայությունը «սբոյ» է տվել: Ռուսներն, ըստ ամենայնի, չկամություն են դրսեւորում վերը նշված 60 մլն դոլարը վճարելու հարցում․․․ Խնդիրն այն է, որ Հրազդանի ՋԷԿ-ի եւ դրա 5-րդ բլոկի պես շինություններ ՌԴ-ում ահռելի քանակությամբ կան: Եթե առաջնորդվենք տնտեսական նպատակահարմարությամբ, ապա ռուսական ընկերությունների համար շատ ավելի ձեռնտու կլիներ ոչ թե ձեռք բերել այլ երկրներում նման կայաններ եւ դրա դիմաց ինչ-որ գումար վճարել, այլ վերակառուցել հենց իրեն պատկանող այդ կայանները, ինչը մի քանի անգամ ավելի էժան կնստեր: Ու թերեւս այս գիտակցումն է հենց բարդույթավորում ռուսներին: Նրանք գիտեն, որ գործարքը զուտ քաղաքական է, եւ չեն ուզում դրա դիմաց «կենդանի» փողեր վճարել»,- դեռեւս 2006-ին գրել էր Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» թերթը։
Իսկ hիմա՝ Փաշինյանի ղեկավարման շրջանում, Հայաստանը, հավատարիմ Ռոբերտ Քոչարյանի օրոք «Հրազդանի ՋԷԿ»-ի գործարքի եւ Սերժ Սարգսյանի օրոք վավերացրած համաձայնագրի, պարտավորվում է վճարել այդ վնասները՝ տարեկան 31,79 մլն դոլար, իսկ 10 տարվա ընթացքում՝ մոտ 318 մլն դոլար։
«Որեւէ կասկած չունեմ, որ խորհրդարանի հնազանդ մեծամասնությունը կողմ է քվեարկելու Հայաստանի այս վաճառքին, բայց սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե, անշուշտ, թղթեր ստորագրելով եւ «կնոպկա սեղմելով» կթուլացնեն ազատ եւ երջանիկ Հայաստան ունենալու մեր ձգտումն ու երազանքը: Ազատ եւ երջանիկ Հայաստանը մեր հոգում է, մեր գիտակցության ու երակների մեջ: Անշունչ «կնոպկաները» եւ օտարահպատակ ձեռքերը չեն կարող հասնել նրանց: Մեր երեխաները, ձեր երեխաներն ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»,- 2013-ին իր ելույթը եզրափակել էր Փաշինյանը։
Դժվար է ասել՝ 2013-ի այդ ելույթն ունենալիս Փաշինյանը գիտե՞ր կամ հավատո՞ւմ էր, որ ուղիղ 5 տարի հետո ինքն է լինելու մեր երկրի ղեկավարը, եւ դրանից ուղիղ 3 տարի հետո հենց ինքն է համաձայնելու այդ գործարքի արդյունքում ապահովել ռուսական այդ ընկերության շահութաբերությունը՝ վճարելով միլիոնավոր դոլարներ։
Ու քիչ է ասել, թե ՀՀ-ն այսօր ծանր վիճակում է եւ տարեկան 31,79 մլն դոլարը ծախսելու շատ տեղեր ունի։ Եվ դեռ մինչեւ 2043-ը ինչքան պետք է վճարի, որ «Գազպրոմ Արմենիան» գնած գազը այստեղ կրկնակի թանկ վաճառի, քաղաքացիների ու պետության հաշվին բարձր շահութաբերությամբ աշխատի։ Հատկապես որ հայտնի չէ՝ առաջիկա տարիներին ՌԴ-ն նույնը կթողնի՞ գազի գինը, թե՞ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված նորից կթանկացնի, ինչպես արեց 2018-ին, երբ Փաշինյանը վարչապետ դարձավ։
Եվ ինչո՞ւ հիմա էլ Փաշինյանը նույն հռետորաբանությամբ այդ հարցը չի բարձրացնում ու հայտարարում, որ «սա մեկն է այն փաստաթղթերից, որ մեզ` ՀՀ հպարտ քաղաքացիներիս, փորձում է զրկել ազատ եւ երջանիկ, ինքնիշխան ու հզոր Հայաստան ունենալու երազանքից»։ Հատկապես որ ինքն այն ժամանակ դեմ է քվեարկել այդ համաձայնագրին, եւ այն ընդունվել էր միայն «կնոպկա սեղմող» ՀՀԿ-ականների կողմից։ Փոխարենը ռուսական կողմին միլիոնավոր դոլարներ վճարելու պատրաստակամություն է ստանձնել։ Իրավիճակ է փոխվել, կասեր ինքը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։