Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երեկ պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել՝ այդ պաշտոնում առաջին անգամ։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել։ «Մենք պատրաստ ենք ավարտին հասցնել բոլոր նախորդ նախագծերը եւ սկսել աշխատել նոր երկկողմ համաձայնագրերի ուղղությամբ»,- ընդգծել է նա։
Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Աբդոլահիանը հայտնել է, թե Իրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետն անդրադարձել է նաեւ «3+3» հարթակում Թեհրանի մասնակցությանը՝ շեշտելով, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։
Նախարար Աբդոլահիանը վերահաստատել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում եւ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա։
Ալիեւը համաձայնել է Իրանի արտգործնախարարի հետ եւ հայտարարել, թե Բաքուն դեմ է արտաքին ուժերի ցանկացած միջամտության։