Ըստ սաուդյան «Ալ Իհբարիա» հեռուստաալիքի՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի մարտական ինքնաթիռները երկու հարձակում են կատարել Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրացել է Եմենի գլխավոր՝ «Ալ Թաուրա» մարզադաշտի տարածքից «Անսար Ալլա» շարժմանը պատկանող զենքի դուրսբերման շուրջ վերջնագրի ժամկետը:
Ի պատասխան մարզադաշտն ազատելու կոալիցիայի պահանջի` Եմենի «Անսար Ալլա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մուհամեդ Ալի ալ Հուսին, որը սաուդցիների գործողությունները համեմատել է իսրայելցիների կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու հետ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հորդորել է այցելել «Ալ Թաուրա» մարզադաշտ եւ համոզվել, որ այնտեղ զինանոց չկա:
Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչի պնդմամբ՝ իրենց տրամադրած ժամկետում հուսիները հասցրել են մարզադաշտից զենքը տեղափոխել ճամբար: