Միջազգային անվտանգության ակադեմիայի հեռավար նիստում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է շարունակի լինել եվրատլանտյան անվտանգության առանցքային բաղադրիչը, իսկ ԵՄ-ն չի կարող դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի այլընտրանքը։
«Որոշ երկրներ ԵՄ-ն փորձում են ներկայացնել իբրեւ ՆԱՏՕ-ի այլընտրանք։ Դա ապակառուցողական եւ անիրատեսական մոտեցում է։ Անդրատլանտյան անվտանգության անբաժանելիությունը մեր հիմնարար սկզբունքն է»,– շեշտել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ն վերափոխվում է՝ փորձելով հարմարվել նոր իրողություններին։ Միեւնույն ժամանակ ուշադրություն է դարձվում գերազանցապես քաղաքական հարթության ուժեղացմանը։
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան` իբրեւ ՆԱՏՕ-ում հզորությամբ երկրորդ բանակն ունեցող եւ դաշինքի առաքելություններում մասնակցությունների թվով հինգերորդ տեղը զբաղեցնող երկիր, ակտիվ դեր է խաղում այդ ջանքերում: