Ըստ բրիտանական BBC գործակալության՝ «Ռոսկոմնադզորի» պահանջով եւ Մոսկվայի հաշտարար դատարանի վճռով Google ընկերությունը վարչական իրավախախատում կատարելու մեղադրանքով արգելված առցանց տեղեկությունը չհեռացնելու համար 7, 2 միլիարդ ռուբլու (մոտ 98 միլիոն դոլարի) շրջանառու տուգանք պետք է վճարի Ռուսաստանի Դաշնությանը:
Ռուսաստանյան օրենքներով օտարերկրյա ընկերությունների շրջանառու տուգանքը կարող է կազմել տվյալ ընկերության տարեկան եկամտի 10%-ը:
Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ դատավորը տուգանքի չափը սահմանել է «Ռոսկոմնադզորի»՝ Google ընկերության տարեկան եկամտի մասին ներկայացրած տվյալներով:
Ընկերության դեմ առաջին անգամ կիրառվել է վարչական տուգանք՝ վարչական իրավախախտումների մասին օրենքի 5-րդ հոդվածի 13.41 մասով:
«Ցանցում ապակառուցողական բովանդակությամբ կամայականությանը վերջ տրվեց»,- հայտարարել է ՌԴ Անվտանգ համացանցի լիգայի ղեկավար Եկատերինա Միզուլինան:
Ավելի վաղ ռուսաստանյան դատարանները պարբերաբար տուգանել են արեւմտյան սոցցանցերին ՌԴ-ում արգելված տեղեկությունը չհեռացնելու մեղադրանքով:
Դատական արձանագրությունը, որպես կանոն, կազմում է «Ռոսկոմնադզորը», երբ սոցցանցերն անտեսում են կարգավորիչի պահանջները եւ չեն արգելափակում իշխանությունների մատնանշած հրապարակումները:
1043 չհեռացված գրառումեր ունի Facebook-ը, 973 գրառում՝ Ինստագրամ-ը, 2400՝ YouTube-ը
Դեկտեմբերի 24-ին հաշտարար դատարանը նման մի հայց է քննել Meta (նախկինում՝ Facebook) ընկերության նկատմամբ, թեպետ վերջինս կատարել էր «Ռոսկոմնադզորի» պահանջը նախքան արձանագրությունը կազմելը: Այդուհանդերձ, գերատեսչությունից հայտնել են, որ պահանջն ուշացումով է կատարվել. Meta-ն պարտավոր էր հրապարակումը հեռացնել մեկ օրվա ընթացքում, ինչն, ըստ «Ռոսկոմնադզորի», չի արվել:
Գերատեսչությունը առավել վնասարար ու վտանգավոր է համարում մանկական պոռնոգրաֆիայի, ինքնասպանության կոչերի, թմրանյութերի քարոզչության, ինչպես նաեւ իշխանություններին վիրավորող ծայրահեղական նյութերը կամ գրառումները:
Այս տարի, BBC-ի տվյալներով, «Ռոսկոմնադզորի» դժգոհությունները կապված են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին աջակցություն հայտնելու մասին բողոքի ցույցերին:
Մեկ տարում արեւմտյան սոցցանցերը տուգանվել են ավելի քան 150 միլիոն ռուբլով:
Ընդհանուր առմամբ Facebook-ի նկատմամբ արձանագրություն կազմելու պահին չհեռացված գրառումերի քանակն այստեղ հասնում էր 1043-ի, Ինստագրամինը՝ 973, եւ 2400 գրառում էլ՝ YouTube-ում:
«Ռոսկոմնադզորը» Facebook-ի նկատմամբ շրջանառու տուգանք էր նշանակել 9 հղում կրկնակի չհեռացնելու համար: Թե ինչ հղումեր էին դրանք, հայտնի չէ:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը