Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, թե «ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն են ագրեսիվ եւ Ուկրաինայի սահմաններին լարում են իրավիճակը»։
Մամուլի խոսնակը նշել է, թե «փաստերը հստակ ցույց են տալիս, որ միակ ագրեսիան, ինչը մենք տեսնում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին, ռուսների ռազմական ուժի կուտակումն է եւ Ռուսաստանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը։
Փսաքին ասել է, թե ԱՄՆ-ը եւս համարում է, որ ԱՄՆ-ՌԴ հունվարին նախատեսվող բանակցություները առաջ շարժվելու լավագույն եւ ճիշտ ճանապարհն են։ Նա ընդգծել է, որ ժամկետի ու վայրի հարցում վերջնական համաձայնություն չկա, աշխատում են դիվանագիտական բանակցությունների ուղղությամբ։
«Ռուսների կողմից ներկայացված առաջարկներ կան, մի մասի հետ համաձայն ենք, մյուսների հետ, իհարկե, ոչ»,- ասել է Սպիտակ տան խոսնակը՝ նշելով, թե ԱՄՆ-ը եւս համաձայն է, որ դիվանագիտական ճանապարհը առաջընթացի ճիշտ ուղին է։
ՆԱՏՕ-ի վերաբերյալ Փսաքին ասել է, թե «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, այն ագրեսիվ դաշինք չէ, հակառակ որեւէ ապացույց չկա։ Եվ, իհարկե, մեր ջանքերը ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ աշխատելն ու պաշտպանելն են»։