Վերջին քսան տարվա ընթացքում միայն արցախյան պատերազմների հետեւանքով մեր երկիրն ունի 19000-ից ավելի վիրավոր զինվոր, որից շուրջ 9000-ը զինհաշմանդամ է: «Հայ կենտրոն. վերականգնողական քաղաք» բարեգործական ՀԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ շուրջ 10000-ը 44-օրյա պատերազմի մասնակից է:
Նրանցից շատերն այսօր չլուծված ու խորացած հոգեբանական խնդիրներ ունեն: Հայաստանում գործող վերականգնողական հաստատությունները չունեն տարեկան այն քանակի թողունակություն, որը թույլ կտա վիրավոր զինվորների մեծ մասին արագ ոտքի կանգնեցնել: «Այս մարդիկ հանդիպում են մի շարք խնդիրների, որոնց թվում են դեղորայքի ու խնամքի պարագաների բացակայությունը, պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայություններից օգտվելու անհասանելիությունը, քանի դեռ հաշմանդամ չեն ճանաչվել, ծանր հոգեկան ապրումները, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են հոգեբանական լուրջ խնդիրների»,- ասում է Սուրեն Արեենցը:
Հենց այս նպատակով էլ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ամիսներ առաջ սկսվեց «Հերոսների վերականգնողական քաղաքի» շինարարությունը, իսկ դեկտեմբերի 25-ին քաղաքի կենտրոններից մեկի բացումն էր:
«Սա գլխավորապես հոգեբանական վերականգնման կենտրոն է: Թվերը շատ տխուր են, մենք խոսում ենք 12000 եւ ավելի հոգեկան խնդիրներ ունեցող պատերազմի մասնակիցների մասին»,- ասում է նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը:
Վերականգնողական քաղաք կառուցելու միտքը Սուրենը պատերազմի օրերին է հղացել, ընկերներով սկսել են 250000 դրամից, շարունակական դրամահավաքների միջոցով առաջին փուլի համար շուրջ 30000 ԱՄՆ դոլար են կարողացել հավաքել, նորոգման, կահավորելու համար տարբեր կազմակերպություններ են միացել: «Մարքեթինգի ընթացքում զինվորը բացարձակ չի երեւացել,- ասում է Սուրենը,- մեր առջեւ խնդիր ենք դրել տղաներին ցույց չտալ, որովհետեւ հոգեբանական վերականգնումը շատ նուրբ բուժում է, մենք պետք է փորձենք չվնասել նրանց»:
Քառօրյա պատերազմի մասնակից Քյարամ Սլոյանի անունն է կրում վախերի կառավարման այս սենյակը, որտեղ արցախյան պատերազմների մասնակիցները VR եռաչափ ակնոցի միջոցով կկարողանան պարզել իրենց վախերն ու կառավարել դրանք:
Էլեկտրական ազդակներն օգնելու են հասկանալու՝ ինչից է վախենում մարդը: Նրանք հայտնվելու են այն միջավայրում, որտեղ առաջացել են վախերը: Պատճառները տարբեր են՝ ԱԹՍ, ընկերների զանգվածային ոչնչացման, ինքնաթիռների պայթեցման տեսարաններ եւ այլն: Վախերը հստակեցնելուց հետո արդեն տղաների հետ կաշխատեն մասնագետները:
Այս սենյակներում են տղաները զրուցելու հոգեբանների հետ, հոգեբաններն էլ պարբերաբար վերապատրաստվելու են արտասահմանյան փորձառու մասնագետների մոտ: Կենտրոնը կրում է ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի, իսկ պուրակը՝ Վարդան Ամալյանի անունը: Այն պատրաստ է շահագործման, շուտով կընդունի իր առաջին շահառուներին: Հերթագրված է պատերազմի 300 մասնակից:
44-օրյա պատերազմում զոհված Արթուր Նահապետյանի ու Արեն Մեհրաբյանի անունն է կրելու այն կենտրոնը, որն ամիսներ անց կկառուցվի: Այն նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ զբաղվող տղաների համար է: Երկհարկանի շենքում կգործի նաեւ գրադարան:
Ժապավենը Արթուրի ու Արենի ծնողները կտրեցին: Արենը ապագա աստղաֆիզիկոս էր, կիսատ էր թողել ուսումն ԱՄՆ-ում ու վերադարձել Հայաստան՝ հայրենիքին պարտքը տալու, երազում էր Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինություն ունենալ:
Վերականգնողական կենտրոնում բուժումն անվճար է: Բժշկական անվճար աջակցություն կտրամադրվի սոցիալապես անապահով շերտի այն անձանց, որոնք հրատապ բուժման կարիք կունենան: Ամբուլատոր պայմաններում անվճար բուժման հնարավորություն կստանան նաեւ զոհված ազատամարտիկների երեխաները, դրան մեծապես աջակցում են հիմնադրամները: Սուրեն Արեենցն ասում է՝ այս պահին կառավարությանը ներկայացվող փաթեթ է մշակվում, որպեսզի պետությունը նույնպես իր ներդրումն ունենա:
Հոգեբաններն արդեն անցել են վերապատրաստման փուլը, արտասահմանյան փորձն ու ռեսուրսը կենտրոնում կարեւորում են:
Նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը նշեց, որ մեծ ծրագիր ունեն բանակում ծառայող հոգեւորականների՝ գնդերեցների հետ: Նարեկաբուժության մեթոդները նույնպես կիրառվելու են այստեղ:
Նեյրոզարգացման թերապիայի, հոգեբանի եւ լոգոպեդի, ջրաբուժության, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու արվեստի միջոցով նպաստելու են բուժմանը:
Բացվել է նաեւ քաղաքի հացատունը, որտեղ տղաները լավաշ կթխեն: Ըստ նախաձեռնողների՝ արտադրությունը ոչ միայն կնպաստի բուժվող անձանց կարիքների ապահովմանը եւ ծախսերի նվազեցմանը, այլեւ կստեղծվի բնական միջավայր, որտեղ բուժվող անձինք կունենան հոգեկան հանգստության համար առողջարար միջավայր:
«Հերոսների վերականգնողական քաղաք»-ում հիմնվելու է կամավորների վերապատրաստման կենտրոն, որտեղ վերապատրաստում անցած կամավորներն իրենց մասնագիտական օգնությունը ցույց կտան ինչպես կենտրոնում, այնպես էլ երկրում գործող այլ կառույցներում: Ֆեյսբուքյան էջի միջոցով պատերազմի մասնակիցները կարող են հերթագրվել: Ի դեպ, կենտրոնը շաբաթական երկու օր նաեւ գիշերն է աշխատելու, քանի որ շատերը խուսափում են հոգեբանական իրենց խնդիրներն ի ցույց դնելուց:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։