ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի խորհրդակցություն հրավիրել։ Ըստ մամուլի ծառայության՝ Դաշինքը Մոսկվայի հետ կապի մեջ է այդ հանդիպման կազմակերպման համար:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հիշեցրել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, ըստ որի՝ Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է ընթանա փոխադարձության սկզբունքով, հաշվի առնվի ՆԱՏՕ-ի մտահոգությունը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, հիմնված լինի եվրոպական անվտանգության առանցքային սկզբունքների եւ հիմնարար փաստաթղթերի վրա, ընթանա ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների հետ համակարգմամբ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումն ու Ռուսաստանի սահմանների մոտ անվտանգությանը սպառնացող սպառազինությունների չհայտնաբերումը գլխավոր հարցերն են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ առաջիկա բանակցություններում։
Այսկերպ Մարիա Զախարովան մեկնաբանել է արեւմտյան որոշ երկրների ներկայացուցիչների պնդումներն այն մասին, թե վերոնշյալ թեմաները չեն դիտարկվելու։
«Սա պետք է հստակ հաշվի առնեն նրանք, ովքեր մինչեւ օրս չեն հասկացել ռուսական դիրքորոշման էությունը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Անվտանգության երաշխիքների գլխավոր թեմաները
Մոսկվան անցյալ շաբաթ հրապարակել էր ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համաձայնագրի նախագծերը: Առաջարկվող փաստաթղթերը ներառում են մասին Ռուսաստանի գաղափարները։ Ռուսաստանը, մասնավորապես, առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ՌԴ-ի եւ ՌԴ-ի հետ ռազմական դաշինք կնքած երկրների սահմաններին զորավարժություններ անցկացնեն միայն որոշակի՝ համաձայնեցված տարածքում։ ՆԱՏՕ-ն պետք է երաշխավորի, որ ռազմական գործողություն չի իրականացնի Ուկրաինայի, Արեւելյան Եվրոպայի, Անդրկովկասի եւ Միջին Ասիայի երկրների տարածքում։
Պայմանագրի նախագծի 4-րդ հուդվածում նշված է, որ ԱՄՆ-ը պարտավորություններ է ստանձնում բացառել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետագա ընդլայնումն արեւելյան ուղղությամբ, հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին Խորհրդային Միության կազմի մեջ:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ եթե Արեւմուտքը չարձագանքի այդ պահանջներին, կարող է առճակատման նոր շրջափուլ սկսվել:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ սպասվում է, որ այդ հարցի շուրջ բանակցությունների առաջին «ռաունդները» կարող են տեղի ունենալ հունվարին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք եւ Ուկրաինայում հարձակողական սպառազինությունների տեղակայումը Մոսկվայի համար «կարմիր գծեր» են: