Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը հայտարարել է, թե հայ-թուրքական գործընթացը կփշրի Միացյալ Նահանգներում «հակաթուրքական տրամադրություններն իր ինքնության մի մասը դարձրած» հայկական լոբբիի փաստարկները:
Կալընը նշել է, որ Կովկասում այժմ բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, եւ այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, փլուզման եզրին է։
«Այլ կերպ ասած՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ եւ Ադրբեջանի կազմում այդ տարածաշրջանի վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,- շեշտել է Կալընը:
Իբրահիմ Կալընը նշել է, որ այդ առումով այլեւս ոչ ոք ուրիշ ակնկալիքներ չունի: Ըստ նրա՝ հայ-թուրքական կարգավորումից Հայաստանն ավելի մեծ օգուտ կստանա։
Նա ասել է նաեւ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին՝ դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ եւ Ռուսաստանի հոգածության տակ գտնվող երկրին, մեծ ներդրում կբերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական իմաստով:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարն այն համոզմունքն է հայտնել, որ Անկարան ու Երեւանը հարաբերությունների կարգավորման փոխադարձ քայլեր են ձեռնարկում, ինչը կնվազեցնի ԱՄՆ-ի հայ համայնքի էներգիան։