Անցնող տարվա ընթացքում շատ խոսվեց մեզանում տարածված միֆերի, դրանց մի մասի ապակառուցման անհրաժեշտության ու նոր միֆեր ստեղծելիս ավելի զգուշավոր լինելու մասին։
Միֆական մտածողության առանձնահատկությունը, սակայն, դժվար է հաղթահարել կարճ ժամանակում։ Միաժամանակ, դժվար է նաեւ պատկերացնել միֆերից ու միֆաստեղծումից բոլորովին զերծ ժամանակներ ու տարածքներ։ Հետեւաբար մնում է մեզ շրջապատող աշխարհի ու երեւույթների մասին մեր ընկալումներում առնվազն կարողանալ տարանջատել միֆականն ու ոչ միֆականը։
Ներկա ճգնաժամային իրավիճակում ավելի ցայտուն է դրսեւորվում ժամանակի մասին մեր պատկերացումների միֆական բնույթը։ Յուրաքանչյուր հասարակության համար գոյություն ունի «ոսկե ժամանակի» մասին միֆ-պատումը, որ պատկերում է անցյալում կամ ապագայում երանելի մի ժամանակաշրջան, թե կուզեք՝ դարաշրջան, որում հասարակական ու ազգային իղձերը իրականություն են եղել/լինելու։
Մեր դեպքում, կարծում եմ, ոսկե այդ ժամանակի սահմանները հեղհեղուկ են, տարրալուծված անցյալի ու ապագայի մեջ։ Ու այս խառնածին ժամանակը ներծծված է ներկայի մեր պատկերացումներում․ Տիգրան Մեծը մեզ համար նույնքան ներկա է, որքան Հայաստանի կազմ վերադարձած Արցախը։
Միաժամանակ, «ոսկե ժամանակի» մասին մեր պատկերացումները տարածական են՝ ոսկե են այն ժամանակները, երբ լայնարձակ տարածություններ են մեր տիրապետության տակ (հաճախ էլ՝ «տիրապետության տակ» հասկացությունը նույնպես ներծծված մեզ ականջահաճո միֆական ընկալումներով)։
Գուցե արաբ փիլիսոփա Իբն ալ-Արաբիի պնդումը, թե «ժամանակը հեղուկ տարածություն է», հոգեհարազատ է նաեւ մեր մտածողությանը, ու մենք լայնարձակ տարածությունները հեղուկի/ժամանակի վերածելիս է, որ նրան ոսկե բնութագիրն ենք տալիս․ որքան շատ տարածք, այդքան ոսկե ժամանակ։
Սա գուցե պարտադիր, բայց ոչ բավարար պայման է տարածության մեջ ոսկե կանոններ սահմանելու, այդ կանոններով ապրելու ու ապրեցնելու։ Ու խոսքը միայն քրիստոնեական «ոսկե կանոնի» մասին չէ, թեեւ դա էլ լիուլի կբավարարեր որպես հիմք։
Տարածքի հանդեպ սրտացավությունը, տարածքի մարդկանց հանդեպ ապրումակցումը, տարածքի բնական զարգացմանը եթե ոչ նպաստելը, ապա չխոչընդոտելը այդ կանոնների առանցքը պիտի լինեն։ Բայց մենք ասում ենք «հող» ու անխնա թալանում ամեն բան, ինչ կա նրա տակ ու վրա, բայց մենք ասում ենք «ջուր» ու ջրեր է, որ խեղդում ենք անձնական շահին սպասարկող խողովակների մեջ, բայց մենք ասում ենք «սուրբ» ու պղծում, ինչ հնարավոր է։
Ժամանակի միֆական ընկալման պատճառով է նաեւ, կարծում եմ, որ արդի միջազգային հարաբերությունների հիմքերի հանդեպ այդպես էլ անհաղորդ ենք մնում․ մեզ հետաքրքիր են միայն այն կնիքները, որ դրված են մեզ լայնարձակ տարածքներ վերադարձնող տողերի տակ։ Ու եթե այսօր դեմքի խելացի արտահայտությամբ (նրանից, որ ունենում են «իրական հայրենասեր» տղաներն ու աղջիկները), հայտարարեմ, որ սահմանագծում մեր տարածաշրջանում կարելի է անել միայն Տիգրան Մեծի ժամանակաշրջանի քարտեզով, իսկ սահմանազատում` Արտաշես Առաջինի մեթոդով, կարող եմ կարգին «ազգային մտածողության» տեր մարդու համբավ ձեռք բերել․ ինչ անենք, թե ասածս իրականության հետ առնչություն ունի այնքան, որքան մեր քաղաքական դաշտի գործիչների ճնշող մեծամասնությունը քաղաքականության հետ։
Տարեվերջը ժամանակի շրջապտույտի, մի պահ կանգ առնելու ու ժամանակի մեջ ինքներս մեր գոյությունը վերաիմաստավորելու հնարավորություն է․ «ոսկե» դարձնենք մեզ բաժին հասած ժամանակը մի քիչ ավելի սթափությամբ, ապրումակցումն ու շրջապատի, մարդկային կյանքի հանդեպ հոգատարությունը այդ ժամանակի շարժիչը դարձնելով։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։