«Տրանսկովկասյան արահետ» հասարակական կազմակերպությունից հայտնել են, որ Հայաստանի ամբողջ երկայնքով՝ ՀՀ հյուսիսային սահմանից մինչեւ հարավային սահմանը, գործակվում է երկրի առաջին քայլարշավային ազգային երթուղին:
«Տրանսկովկասյան արահետ»-ը միջազգային ծրագրի մի մասն է: Ծրագրի նպատակը Հարավային Կովկասի երկրներով երկարաձիգ արշավային երթուղու ստեղծումն է եւ տարածաշրջանի նպաստավոր դիրքավորումը աշխարհի արկածային զբոսաշրջության ոլորտում։
Սպասում է քայլարշավորդներին
Երթուղու 827 կմ հատվածը պատրաստ է՝ ամբողջովին քարտեզագրված, անցել է նախնական փորձարկում եւ սպասում է քայլարշավորդներին։ Ամբողջությամբ գծանշված եւ կանոնավորապես սպասարկվող երթուղու տարբեր հատվածները միասին 284 կմ են կամ ընդհանուր երկարության 34%-ը: Երթուղին տարեցտարի երկարում է։
Կազմակերպությունը նշել է, որ ընդհանուր արահետի մնացած հատվածները դեռեւս գծանշված չեն, բայց դրանք լայնորեն ուսումնասիրվել են, փորձարկվել եւ ամբողջությամբ փաստաթղթավորվել՝ առաջիկա տարիների ընթացքում գծանշման եւ կառուցման աշխատանքներն ավարտելու միտումով։
«Այս ամենն իրականություն է դարձել թիմի բազմաթիվ անդամների, կամավորների, քայլարշավորդների, դոնորների եւ գործընկեր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, որոնց խրախուսանքը եւ բացարձակ հավատը վերջին հինգ տարում օգնել են նախաձեռնողներին հասնելու այս նշաձողին»,- նշված է «Տրանսկովկասյան արահետ»-ի հաղորդագրությունում:
Նախապատմությունը
Նախաձեռնությունը մեկնարկել է 2015-ին տարբեր հետազոտական աշխատանքների իրականացմամբ, արդեն 2017-ին Հայաստանում «Տրանսկովկասյան արահետ» նորաստեղծ հասարակական կազմակերպությունը մեկնարկեց երկրում առաջին լայնածավալ արահետաշինական ծրագիրը՝ կառուցելով 85 կմ երկարությամբ բազմօրյա արշավային շրջանաձեւ երթուղի Դիլիջան ազգային պարկում, որը դարձավ միջազգային չափանիշներով կառուցված արահետային ենթակառուցվածքի առաջին նմուշը։
Ծրագրի ընթացքում որդեգրված սկզբունքները տարեցտարի կրկնօրինակվել եւ ներդրվել են Հայաստանի այլ արշավային ուղղություններում՝ ներառյալ Լոռու մարզի Դեբեդի կիրճը, հարավային Վայոց ձորի լեռնային գոտիները եւ Սյունիքի մարզի Որոտանի կիրճը: