Գյումրու սրտում՝ կենտրոնական հրապարակին կից, հյուրերի եւ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում է լենինականյան կոլորիտի կենդանի վկան՝ 80-ամյա «Լյուքս» վարսավիրանոցը։ Եթե վարսավիրանոցին գեղեցկության սրահ անվանես, անպայման դիտողության կարժանանաս վարպետների կողմից․ «Սա վարսավիրանոց է, տղամարդո՛ւ վարսավիրանոց»։
Ներսում հաճելի եռուզեռ է։ Զբաղված են բոլոր տասը աթոռները, հերթի մեջ՝ նույնքան սպասողներ։ Արտաքին ցուցանակից մինչեւ վարպետ-վարսավիրների ձեռքի գործիքները, հնաոճ կահավորումն ու սենյակի դիզայնն ամբողջությամբ պահպանված են այնպես, ինչպես որ հիմնադրվել են ի սկզբանե։
Վարսավիրանոցի տնօրեն Գեւորգ Կազյանն ասում է, որ 1940 թվականից մինչ օրս սրահը մեկ անգամ է վերանորոգվել, այն էլ 1985 թվականին։
«Կարող ենք նորոգել, բայց հարկ չկա, սովետական կահավորումն ու ձեւավորումն են մեր այցեքարտը։ Այստեղ նաեւ ֆիլմեր, տեսահոլովակներ են նկարում»,- ասում է տնօրենն ու նկատում, որ երբեմն տարիքով մարդիկ գալիս են, իրենց մանկությունը հիշում, երջանկության պահերը վերապրում։ Կողքից վարպետները լրացնում են՝ ինչ էլ լինի, այստեղ «ադաթը» պահելու են։
Արա Գալստյանը նախատոնական պատրաստությունների մեջ է, ավանդույթի համաձայն՝ ինչպես վերջին 35 տարիներին, այս անգամ էլ վարպետ Գեւորգի մոտ է եկել մազերը կտրելու։ Ասում է՝ եթե տասը օր էլ ազատ ժամ չունենան, սպասում է, ուրիշ վարսավիրանոց գնացողը չէ։
Համառորեն չհնացող կարմիր կաշվից այս նույն նստարաններին նստել ու նույն հայելիներին են նայել բազմաթիվ մեծեր՝ Մհեր Մկրտչյան, Ջղեր Խաչիկ, Ազատ Շերենց, Լեւոն Մադոյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Շիրազ․․․ մինչեւ մերօրյա արվեստագետներ ու քաղաքական գործիչներ։
Վարպետ Գեւորգն անձամբ է կտրել Մհեր Մկրտչյանի մազերը։ Այսօրվա պես հիշում է. «Հանեց փող տալու, ասացի՝ ինչ փող, Դուք մեր Ֆռունզն եք։ Ասաց՝ գիտենամ միշտ այդպես է լինելու, ամեն օր կգամ եւ, իրոք, մշտապես գալիս էր»։
Խանիկը վարսավիրանոցի ամենատարեց վարպետն է, աշխատել է մինչեւ անցած տարի։ Էլի կաշխատեր, ընդամենը 85 տարեկան է, բայց ոտքն է վնասել։ Կրտսեր ընկերներն ասում են՝ ապաքինվի՝ կգա։ Վարպետ Խանիկի վարժ ձեռքերը հարդարել են Ավետիք Իսահակյանի մազերը։ Գործընկերները հիշում են՝ ուրիշի մոտ չէր գնում։
Վարպետ Խանիկի աշակերտը եւ միեւնույն ժամանակ քրոջ որդին՝ Արմեն Նիկողոսյանը, քսանհինգ տարի առաջ է համալրել լյուքս վարպետների շարքերը։ Պատմում է՝ քեռին բերեց, հացի տեր դարձրեց։ Երախտագիտությամբ է հիշում՝ քեռին խստապահանջ էր․ «Խոսում էր վրաս, ինչքան լավ էի անում, էլի անուն էր դնում գործիս»։
Մարգարյան Կոլյան մանկուց վարպետ Խանիկի, այժմ էլ Արմենի անդավաճան հաճախորդն է։ Պատմում է, որ փոքրուց այստեղ են բերել իրեն․ «Մայրս բերում էր վարպետ Խանիկի մոտ, խելոք չէի նստում, վարպետը նեղանում էր, վախից քար էի կտրում»։
Վարպետ Յուրիկը 77 թվականից է աշխատում, ամենահաճախն ինքն է անցած-գնացած օրերից պատմում։ «Օղորմածիկ վարպետներից մեկը տաք շորով կոմպրես է դրել հաճախորդի դեմքին: Երբ նա բողոքել է, որ դեմքը վառվեց, վարպետը զարմացել է՝ ես էլ կըսեմ՝ ընչի ձեռներս չէին դիմանա›,- պատմում է վարպետ Յուրիկն ու միանգամից մտքերի մեջ ընկնում,- Լեննագանում այն ժամանակ կյանքը հետաքրքիր էր, մարդիկ ավելի բարյացակամ էին, ուրախ, կյանքով լիքը»։
Վարպետ Յուրիկը խոսելու ընթացքում հարդարում է իր երկար տարիների հաճախորդ Աշոտ Ավետիսյանի մազերը։ «Յուրայի մոտ մազերս սկսել եմ սարքել երկրորդ դասարանից, մանկական տարիներին գլուխս խուզելուց մինչեւ առաջին ժամադրության գնալու համար նստել եմ այս աթոռին»,- Յուրայի խոսքն է շարունակում հաճախորդը։
Ապին Չախոյանի աթոռը վարպետ Յուրայի հարեւանությամբ է։ Դհոլահար Ապինը որոշել էր, որ իրենը երաժշտության ուղին է, բայց ծնողներն ուզեցին, որ իրենց տղան արհեստ ունենա։ Դժգոհ չէ, հատկապես ուրախանում է, որ համար առաջին վարսավիրանոցի վարպետներից է․
«Միակ վարսավիրանոցն է , որ երկրաշարժից հետո պահեց դեմքը,- հպարտորեն ասում է վարպետ Ապինն ու ձեռքի հետ մի ուրախ պատմություն հիշում,- մի անգամ վարպետ Ռուդիկի մոտ տատիկը իր թոռանն էր բերել։ Դե վարպետ Ռուդիկն էլ աշխարհի մուննաթն էր։ Տատը ամեն րոպե կրկնում էր, թե նայի լավ կտրես, սիրուն կտրես․․․ Այնքան է ասում, որ վարպետը նեղված պատասխանում է՝ ես կսարքեմ, դուրդ չէգավ՝ թող մեզի»։
Արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ու ճանաչված դերասան Սամվել Գրիգորյանը վարպետ Ապինի երկարամյա հաճախորդն է։ Հետաքրքրվում ենք, թե ինչն է այս տարածքի առանձնահատկությունը․ «Մենք՝ շիրակցիներս, պահպանողական ենք, սիրում ենք հինը, պատմությունը, արմատը։ Այս վարսավիրանոցը մի յուրովի թատրոն է, որը հիշողություն ու կենսագրություն ունի։ Շնորհակալ եմ վարպետներին, որ պատմություն են պահում։ Ճոխությունը լավ բան է, բայց հինը գնահատել է պետք։ Կարեւոր է, որ մարդկանց ներսը լինի շքեղ»,- ասում է Սամվել Գրիգորյանը եւ վստահեցնում, որ երբեք չեն հնանում պարզությունն ու ամենակարեւորը՝ բնականությունը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։