Արդեն քաղաքականությունից հեռացած՝ իշխանությունից «բարով գնաս» քմծիծաղախառը «կարեկցանքի» արժանացած, 2015-ի աշնանը տողերիս հեղինակը «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասաց. «Սա պատերազմ է, պարոնա՛յք»։
ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորման «մադրիդյան կոնստրուկցիան» փլուզվել էր մեկ տարի առաջ՝ Սոչիում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ժամանակ, երբ վերջինս հրաժարվել էր ընդունելուց, որ ենթադրյալ Համաձայնագրի տեքստում պետք է ֆիքսվի ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի որեւէ ժամկետ, նույնիսկ եթե դա «հիսուն տարի հետո»-ն պիտի լիներ։
Երեւանում եւ Ստեփանակերտում դա գիտեին։ Թող ոչ ոք չչքմեղանա։ Եթե 2014-ի աշնանը Հայաստանի նախագահը հարմար էր գտել Արցախի խորհրդարանականներիս ընդհանուր գծերով, մի քիչ՝ մանվածապատ, բայց հասկանալի լեզվով որոշ իրողություններ ներկայացնել, ապա վստահ եմ, որ ավելին նա ասել էր կուսակից գոնե նեղ շրջապատին, Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը։
Ի վերջո, ոչ ոք չի հերքել Արցախի ԱԺ այսօրվա նախագահ Արթուր Թովմասյանին, ով պատմել է ապրիլյան քառօրյայից հետո Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի կազմակերպած մի քննարկման մասին։ Քառօրյայից ուղիղ մեկ տարի անց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին։
Ընդ որում, արդեն պարզ էր, որ եւս մեկ տարի, եւ Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական մոդելի։ Ինչու՝ այլ հարց է։ Փաստ է, որ այդ ընտրարշավին իրականությունը ներկայացնում, ահազանգ հնչեցնում էր միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Վտանգի, գալիք փլուզումների շոշափելի սպառնալիքի դեմ Հայաստանը մեկ ընտրություն ուներ՝ ԼՂ կարգավորման հարցում վերադառնալ փուլային տրամաբանությանը, փակել պատերազմի վերսկսման ճանապարհը, Ադրբեջանին զրկել միջազգայնորեն իրենը ճանաչված տարածքներն ուժով վերադարձնելու «իրավունքից»։
Քաղաքական այդ քաջությունը չդրսեւորվեց։
Շուրջ երկու տարի հայկական դիվանագիտությունը գամված էր «Վիեննայի օրակարգին», թեեւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը դա չի ընդունում, միջնորդներն էլ նրան չեն պարտադրում։ Բայց եթե նույնիսկ ԼՂ բանակցային ժառանգությունը, որ Փաշինյանը ստացել է 2018-ին, ամենավատն էր, միեւնույնն է՝ «կոնվեյերից թռնելն» ու պատերազմի գնալու արկածախնդրությունը (մեղմ ասած) ոչ մի արդարացում չունեն։
Փաշինյանը, սակայն, մի բանում ճիշտ է․ 2018-2020 թվականների Արցախի իշխանությունն ինչպե՞ս եւ ինչո՞ւ է հանգիստ աշխատել իր հետ։ Նա պաշտոնական Ստեփանակերտին բացե՞լ է այդ պահի «բանակցային կապոցը»։ Այդ դեպքում նա ինչո՞ւ էր «բուլդոզերի խոյահարմամբ» ձգտում իշխանության։ Լուրջ եւ պատասխանատու մարդը նման ընտրություն գոնե իր անձնական ապահովության եւ պատմական պատասխանատվության նկատառումներով չպետք է աներ։
Ո՞վ էր նրան «երաշխիք տվել»։ Ո՞րն էր «սեփական կետից» բանակցություններ սկսելու նրա ինքնավստահության աղբյուրը։ Ներքին լեգիտիմությո՞ւնը։ Բայց չէ՞ որ միամտություն է մտածել, թե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունից ստացած մանդատը կարող է «սարսռացնել» Ադրբեջանին, առավել եւս՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին։
Գործ ունենք «տղայամտությա՞ն» հետ։ Թերեւս այո, որովհետեւ 1998-ի իշխանափոխությունից հետո Հայաստանում ԼՂ խնդրի խորքային ընկալումը քաղաքականությունից օտարվել, փոխարինվել է «ֆիդայապետական ռոմանտիզմով»։ Իբր՝ «աշխարհն էլ մեր դեմ ելնի, կես քայլ անգամ չենք նահանջելու»։ Հանրային տրամադրություններն, իրոք, սահմանակցում էին այս անմեղսունակությանը, բայց մենք հո գիտե՞նք, որ իշխանությունը բոլորովին այլ քննարկումների մեջ էր։ Ի վերջո, ընդհանուր մոտեցում էր, որ «մադրիդյան սկզբունքներն, այո՛, մեր երազանքը չեն, բայց ավելին հնարավոր չէ ստանալ»։
Խաբկանքն, ահա, այստեղ էր՝ երբ քեզ համար օպտիմալը ներկայացնում ես իբրեւ թշնամու կողմից էլ «ընդունելի»։ Ալիեւը կարող էր կառավարության նիստում քրթմնջալ, թե «փակ դռների հետեւում» իրենից պահանջում են «ճանաչել ԼՂ անկախությունը» եւ հայկական կողմերին տեղեկատվաքարոզչական հաճույք պատճառել։
Բայց այդ տարիներին են, չէ՞, համանախագահ երկրների առաջնորդները մի քանի հայտարարություն ընդունել՝ սահմանելով ԼՂ կարգավորման սկզբունքները, տարրերը եւ գործընթացի հաջորդականությունը։ Այդ տարիներին են, չէ՞, նրանք դարձյալ մի քանի անգամ միանշանակորեն շեշտադրել, որ «առկա ստատուս-քվոն անընդունելի է»։ Փաշինյանն ուզում էր ա՞յս մոտեցումը փոխել՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային պարտադրելով, որ ընդունեն, թե ԼՂ-ն կարող է Աղդամ-Ֆիզուլի-Ջեբրայիլո՞վ ինքնորոշվել։
ԼՂ անկախության լեգիտիմացման հնարավորությունը նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանների վերադարձն էր, Լաչինի միջանցքի միջազգայնորեն օրինականացումը, միջանկյալ կարգավիճակի սահմանումը եւ այդ ամենը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւով սահմանումը։ Ինչպես Կոսովոյի դեպքում։
Բայց այդ ամեն ինչը սեպտեմբերի 27-ից դարձել է անցյալ։ Կորսված հնարավորություն։ Եվ այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչ եւ ինչու են փոխադարձում Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, քաղաքական ուժերը, փորձագետները եւ մեդիա-ռեսուրսները։
Որ ի՞նչ, պարոնա՛յք։ Ի՞նչ եք ուզում ասել, բա՛ց արտահայտվեք։ Մենք եւս մեկ փորձության տեղ չունենք, որովհետեւ դա կլինի վերջինը՝ կանխորոշված ելքով։ Կարո՞ղ եք պահել Արցախը։ Սա է խնդիրը, օրվա հրամայականը, բայց սա է նաեւ հնարավորը։ Անցյալը վերախաղարկելու իմաստը ո՞րն է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։