Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ Վերին Լարս անցակետ (վրաց-ռուսական սահման) տանող ճանապարհը վրացական կողմից բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դեպարտամենտից հավելել են, որ դեկտեմբերի 27-ից թույլատրվում է երթեւեկել Մլեթա-Գուդաուրի եւ Գուդաուրի-Կոբի հատվածներով։ Ձնահոսքի վտանգ չկա, տրանսպորտային միջոցների անխափան երթեւեկությունը վերականգնվել է։
Միաժամանակ Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով եւ կիսակցորդով, ինչպես նաեւ ավելի քան 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով երթեւեկությունն իրականացվում է միակողմանի՝ պարեկային ոստիկանության վերահսկողության եւ համակարգման ներքո:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի եւ Գուդաուրի-Կոբի հատվածները փակ էին դեկտեմբերի 19-ից: Երկու կողմից էլ հազարավոր տրանսպորտային միջոցներ էին կուտակվել անցակետի մոտ, այդ թվում` հայկական բեռնատարներ։