«2010-ին հիմնել ենք, տասը տարի սարքել ենք ու թողել, դուրս եկել»,- ասում է արդեն հանրահայտ «Կատարո» գինու արտադրող Գրիգորի Ավետիսյանը։
Արցախի հողերը բերրի էին, կլիման բարենպաստ, խաղողն էլ շատ լավ հումք էր որակյալ գինի արտադրելու համար։ Առաջին պատերազմից հետո Արցախում տնկվեցին հեկտարներով այգիներ, հիմնվեցին գինու գործարաններ, որոնց արտադրանքը հասնում էր Ամերիկա ու Եվրոպա։
«Կատարո» գինու գործարանը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում։ Պատերազմի ժամանակ Հադրութն ընկավ, գործարանը մնաց հակառակորդին։
Գրիգորին չի հիշում, թե որքան ներդրում են կատարել, ասում է՝ գործարանն արդեն «իդեալական» վիճակում էր, պատրաստ ավելացնելու արտադրողականությունը։ Արտասահմանից մասնագետներ էին հրավիրել, սարքավորումներ գնել Իտալիայից եւ Բելգիայից։ Գինու անունն էլ կնքել էին Տող գյուղի մոտ գտնվող Դիզափայտ սարի վրա 17-րդ դարում կառուցված Կատարո վանքի անունով:
Տասը տարում տարեկան 10 հազար շշից հասցրել էին 100 հազարի ու դեռ պետք է ավելացնեին։ Գինին ԱՄՆ, Կանադա, Եվրոպա էին արտահանում, իհարկե նաեւ՝ Հայաստան։ «Կատարո»-ն մասնակցում էր տարբեր երկրներում կազմակերպված ցուցահանդեսների՝ աստիճանաբար դառնալով ճանաչված ապրանքանիշ: «Պահանջարկը շատ մեծ էր, ոգեւորված էինք»,- հիշում է Գրիգորին:
Հոր՝ Էդիկ Ավետիսյանի ու երկու եղբայրների հետ ոգեշնչվել էին խաղողագործության նախնիների ավանդույթով ու որոշել շարունակել այդ գործը։ Տողում հիմնել էին խաղողի սեփական այգիներ, մի մասն էլ վարձակալում էին։ Գինու գործարանով որդիներից հիմնականում Գրիգորին էր զբաղվում։ Գործարանն ու այգիները դարձել էին Արցախ այցելող զբոսաշրջիկների ու գինու սիրահարների սիրելի վայրերից մեկը։
Գինեգործը հիշում է՝ տարիներ առաջ երբ ներդրում էին կատարում, մտքներով չէր էլ անցնի, թե Հադրութն ու Տողը երբեւէ կլինեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ պատերազմից հետո ոչ միայն գործարանը, այլեւ այգիների մի մասն է մնացել Արցախի ներկա սահմաններից դուրս։ Հիմա նոր սահմաններն են ճշտվում, եւ դեռ հայտնի չէ, թե որքան այգի է մնացել մեր կողմում, կամ հնարավո՞ր է դրանք նորից մշակել․ «Սահմանի բերանին են, դեռ պարզ չի, անվտանգ կլինի, թե՞ ոչ»։
Ավետիսյանն ասում է՝ պատերազմի ողջ ընթացքում Հադրութում են եղել, ու չեն մտածել գործարանի գոնե սարքավորումները, կուտակված գինենյութը անվտանգ վայր տեղափոխելու մասին։ Չեն մտածել, որ Տողն ու Հադրութը կընկնեն․ «Բոլորը կռվի մեջ էին, ով էր մտածում, ամեն օր մարդիկ էին կոտորվում։ Հիմա է, որ հանգիստ խոսում ենք այդ մասին, էն ժամանակ ով կմտածեր ապրանք դուրս հանելու մասին»։
Կռվում էին հաղթելու համոզմունքով։ Իսկ հիմա հիշում է նոյեմբերի 10-ի առավոտը. «Մինչեւ վերջին պահն այնտեղ էի։ Մնացել էինք գժված ու լացելով ենք դուրս եկել, թե էս ինչ են անում»։
Կռվից ու Հադրութի անկումից խոսել չի ցանկանում. շատ բաներ դեռ հասկանալի չեն։ «Դա առանձին թեմա է, դրա մասին առանց այդ էլ խոսող շատ կա»։
Ավետիսյանները չեն կարողանում վերադառնալ Արցախ, այնտեղ այլեւս տուն չունեն։ Առայժմ ապրում են Երեւանում, բայց վստահ են, որ նորից խաղողագործությամբ ու գինեգործությամբ են զբաղվելու՝ լինի այնտեղ, թե այստեղ՝ Հայաստանում։
Լսել է, նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կարդացել, թե փախստականները պետք է վերադառնան։ Ինքը, սակայն, վերադարձը չի պատկերացնում։ «Այսինքն ո՞նց, Ադրբեջանի կազմո՞ւմ։ Նման բան չեմ պատկերացնում։ Հո ասելով չէ, հո գրելով չէ, որ փախստականները պետք է վերադառնան։ Դրանք սիրուն խոսքեր են։ Ո՞նց են պատկերացնում, որ հայը կարողանա ապրել թուրքի հետ, որի բարեկամին այդ թուրքն է սպանել։ Կամ թուրքը ո՞նց է ուզում գալ ու ապրել մի տեղ, որտեղ հայերը շատ են»,- հարցնում է նա։
Հրադադարից հետո ապրելով Երեւանում՝ զարմանում է, որ մարդիկ դեռ չեն հասկացել պատերազմի հետեւանքներն ու դրանց ողջ լրջությունը։ «Մարդիկ կաֆեներում նստած՝ հանգիստ զրուցում են եւ չեն էլ պատկերացնում կատարվածը»։
Լուս․ Գրիգորի Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։