Ըստ Flight Aware կայքի՝ դեկտեմբերի 27-ին ավիաընկերություններն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն մանրէահիմքի պատճառով չեղարկել են ավելի քան 2500 չվերթ: Ամենից շատ՝ 958 թռիչք չեղարկել է ԱՄՆ-ը։
CNN-ը հայտնել է, որ չեղարկումների հիմնական պատճառը անձնակազմի պակասն է՝ կորոնավիրուսով պայմանավորված։ Անձնակազմի անդամները կա՛մ վարակվել են կորոնավիրուսով, կա՛մ շփվել են քովիդով հիվանդի հետ։
Անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 24-26-ին, երբ արեւմտյան երկրները նշեցին Սուրբ Ծնունդը, չեղարկվեց ավելի քան 7000 չվերթ։ Ամենաշատը տուժել են ԱՄՆ-ը եւ Չինաստանը։ Միայն կիրակի չեղարկվել է ավելի քան 2000 չվերթ, որից ավելի քան 640-ը՝ ԱՄՆ օդանավակայաններ կամ օդանավակայաններից։
ԱՄՆ Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ում օմիկրոնով վարակման դեպքերը հաճախակի են դարձել։ Նա ընդգծել է, որ հատկապես մտահոգիչ է չպատվաստվածների հարցը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգապետների հետ զրույցում հորդորել է խուճապի չմատնվել կորոնավիրուսի օմիկրոն մանրէահիմքի պատճառով։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ երկիրը պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսի նոր մանրէահիմքին: «2020-ի մարտն այլեւս չի կրկնվի»,- շեշտել է Բայդենը: