ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ Երեւան–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբաթ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման արժեքը կկազմի շուրջ 226 միլիոն դոլար։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ երկաթուղու երկարությունը կկազմի մոտ 340 կմ, որից 46-ը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, Մեղրիի տեղամասը կկազմի մոտ 45, իսկ Երասխինը` 1 կմ։
Նախնական հաշվարկներով, Մեղրիի տեղամասի համար կծախսվի 221 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Երասխի համար` 5 միլիոն ԱՄՆ դոլար։ Հաշվարկներն իրականացվել են` հաշվի առնելով նախկին ենթակառուցվածքները՝ կայարանները եւ այլն։
Նախարարությունից հայտնել են նաեւ, որ հավելյալ ենթակառուցվածքների ստեղծման ու նախագծի ճշգրիտ արժեքին հնարավոր կլինի անդրադառնալ կառուցվելիք երկաթգծի համար տեխնիկատնտեսական հիմնավորման անցկացման դեպքում։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 18-ին հայտնել էր, որ Հայաստանի տարածքում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հսկողություն իրականացնելու հարց չի քննարկվում։