Բրիտանական «The Economist» հանդեսը հետաքրքիր վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայում իրականացվելիք ֆինանսատնտեսական նոր քաղաքականության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ինչպես օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձեւավորվելու է «արտարժույթով պաշտպանված եւ թուրքական լիրայով ներդրվելիք ժամկետային ավանդների» համակարգը։
Ըստ «The Economist»-ի՝ վերլուծաբանները կանխատեսել են, որ այդ քաղաքականության արդյունքում ավելի կմեծանա պետական գանձարանի բեռը։ Իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո գնաճը 2022-ի առաջին կեսին, ըստ իրենց կանխատեսումների, կհասնի 50%-ի։
Վերլուծաբանների կարծիքով՝ թուրքական լիրայի արժեքի ցանկացած զգալի անկման դեպքում կենտրոնական բանկին կարող է այլ ելք չմնալ, քան թղթադրամ թողարկելը՝ լիրայով դրված ավանդների տերերին իրենց գումարները տալու համար:
«Էրդողանն իր իսկ առաջացրած հրդեհի վրա կարող է վերմակ գցել իհարկե, բայց այդ վերմակը եւս շուտով կարող է բռնկվել»,-նշել է «The Economist»-ը:
14 պաշտոնական այց 2021-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021-ին պաշտոնական բնույթի 14 արտասահմանյան այց է կատարել: Տարեսկզբին արտերկիր կատարած առաջին այցը Բելգիան էր, տարեվերջին վերջին այցը՝ Քաթարը։
Բացի դրանից՝ նա Թուրքիայում հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ ու անցկացրել մի քանի գագաթնաժողովներ:
Թյուրքալեզու երկրներից 2021-ին Էրդողանը երկու անգամ այցելել է Ադրբեջան, մեկ անգամ՝ Թուրքմենստան, մեկ անգամ էլ եղել է Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանն այս տարի միայն մեկ երես առ երես հանդիպում է ունեցել: