Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը («ՀԱՓԿ» ՊՈԱԿ) հայտնել է, որ 2021-ի ընթացքում չպայթած զինամթերք հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով աշխատանքները շարունակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։
2014-2019 թվականներին տարածքը մաքրվել եւ հանձնվել էր տեղական ինքնակառավարման մարմիններին: 2020-ի պատերազմի ընթացքում Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասն աղտոտվել էր պայթուցիկ զինամթերքով, դրանց թվում՝ կասետային ենթազինամթերքով: «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում: Առանձնացվել են հաստատված եւ կասկածելի տարածքներ, տեղադրվել են ականային վտանգի մասին նախազգուշացնող 50 վահանակներ։
2021-ին հայտնաբերվել է ԲՄ-21-ի 8 հատ հրթիռ, կասետային ենթազինամթերքներ, գնդացրի 12,5 մմ 1 փամփուշտ, 100 մմ 2 արկ, 100 մմ արկի պարկուճ, 100 մմ հրետանային արկի 1 պարկուճ, F-1 տեսակի 1 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, 1 չկառավարվող ռեակտիվ արկի (C-8) պոչամաս։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:
2021-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում շարունակվել են մաքրման աշխատանքները, եւ հոկտեմբերի 30-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պաշտոնապես տեղական ինքնակառավարման մարմիններին է հանձնել 45000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը նաեւ թարմացրել է ականներից տուժած անձանց տվյալների բազան եւ տարվա ընթացքում այցելել է ականից տուժածներին։ Այսօր Հայաստանում կա ականների պայթյունից տուժած 745 քաղաքացի:
Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը հայտնել է, որ 2021-ին ձեռք է բերել Ֆրանսիայի եւ Հյուսիսային Իրաքի խոշոր կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տեխնիկակական օգնություն ստանալու պայմանավորվածություն։