Այսօր Վրաստանի խորհրդարանում լսումների է մասնակցել վարչապետի պաշտոնում առաջադրված Գիորգի Գախարիան (մինչ այս գործող վարչապետ)։
Նա հաստատել է իշխող «Վրացական երազանքի» պատգամավորների օրեր առաջ տարածած այն տեղեկությունը, թե կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի միացյալ նախարարությունից առանձին գործակալություններ են ստեղծվելու:
Ըստ Գախարիայի՝ մշակույթի եւ սպորտի նախարարությունների տարանջատումը կապված է իրավական համապատասխան դաշտի նախապատրաստման հետ, որը փետրվարից ուշ չի լինի։
Վրաստանում մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2018 թվականի հունիսին միացավ կրթության նախարարությանը՝ այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ: Ավելի վաղ մշակույթի եւ սպորտի նախարարություններն առանձին գերատեսչություններ էին: