Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, հայտարարել է, որ Անկախ պետությունների համագործակցությունն անցած 30 տարվա ընթացքում արդարացրել է իրեն։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ ինտեգրումը խորացել է, մասնավորապես տնտեսության եւ անվտանգության ոլորտում։
Պուտինն ընդգծել է, որ դեռեւս խորհրդային շրջանից պահպանված կապերը՝ ընդհանուր հաղորդակցությունները, ձեռնարկությունները, գործընկերները, միասնական արտադրական շղթաները եւ այլն, այսօր նույնպես դրական դեր ունեն եւ լրացուցիչ արժեք են ստեղծում:
ՌԴ նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել տնտեսության, սոցիալական ոլորտի վրա, սակայն, պահպանելով ԱՊՀ-ի տված հնարավորություններն ու մրցակցային առավելությունները, համագործակցության պետություններին հաջողվում է հաղթահարել դժվարությունները, ավելի արդյունավետ դիմակայել մարտահրավերներին:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները, նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: