Դեկտեմբերի 21-ին դեսպանների համաժողովին ուղղված առցանց ուղերձում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործընթացում Վրաստանի պասիվությունը ցավալի համարելով՝ նա նշել է, որ «Վրաստանը պասիվ չի լինի «Կովկասյան պլատֆորմի» նախաձեռնության հարցերում»:
«Ես ուզում եմ մեկ անգամ եւս ողջունել տարածաշրջանում խաղաղության վերականգնումը, որը կենսական նշանակություն ունի մեզ համար, ոչ միայն մեր հարեւանների, այլ բոլորի, բոլորիս համար: Դրանից է կախված ամբողջ տարածաշրջանի բարեկեցությունն ու զարգացումը, խաղաղությունն ու կայունությունը: Միեւնույն ժամանակ, մենք գիտենք, որ այս նպատակին հասնելու գործում ներգրավված էին բոլորը, բոլոր միջնորդները, բոլորը`բացի մեզանից: Սա շատ ցավալի է. Վրաստանի պատմական դերը Կովկասում դարեր շարունակ եղել է եւ կա բոլորին միավորելը: Ուստի, ես խորապես համոզված եմ, որ Վրաստանը ոչ պասիվ կլինի եւ ոչ էլ երկրորդական (դեր կունենա՝ խմբ.) «Կովկասյան պլատֆորմի» նախաձեռնության գործում», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին եւ հույս հայտնել, որ 2021 թվականն այս առումով կլինի «իրենց վերածննդի տարին»:
«Կովկասյան պլատֆորմի» նախաձեռնությանը Վրաստանի նախագահի աջակցությունը քննարկումների առիթ է դարձել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին եւ Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին (2014-17 թթ.) հրամանատար Բեն Հոջեսն արձագանքել են Վրաստանի նախագահի խոսքին: Նրանց համար անհասկանալի է, թե ինչն է հրապուրում Վրաստանի նախագահին Լեռնային Ղարաբաղի համաձայնագրում, որն ամրապնդում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Նաեւ, թե ինչո՞ւ է Վրաստանը բացում իր օդային տարածքը ռուս խաղաղապահների համար: Հարցեր են բարձրացվում նաեւ այն մասին, թե ի՞նչ նկատի ուներ Սալոմե Զուրաբիշվիլին «Կովկասյան պլատֆորմ» ասելով, եւ արդյոք նա պաշտպանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը՝ ստեղծել հարթակ վեց երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի համար:
«Այս «խաղաղության վերականգնումը» պարտադրված է ռուս զինվորականների կողմից: Եվ ինչո՞ւ է Վրաստանի նախագահը ցանկանում աջակցել «Կովկասյան պլատֆորմին», երբ դա նշանակում է տարածաշրջանային գործերում քվեարկել Ռուսաստանի եւ Իրանի օգտին». թվիթերյան իր էջում գրում է Յան Քելլին:
Բեն Հոջեսն էլ իր հերթին գրել է. «Սխալ… Վրաստանի նախագահը բարձրագույն մարմինը չէ՞: Ինչո՞ւ է Վրաստանը ողջունում ռուս օկուպանտներին բոլոր սահմաններին ամրացնելու ծրագիրը: Ինչո՞ւ է Վրաստանը թույլ տալիս ռուս «խաղաղապահներին» օգտագործել իր օդային տարածքը դեպի Ադրբեջան թռիչքների համար, երբ ռուսական զորքերը օկուպացրել են վրացական հողերը»: