Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը դեկտեմբերի 28-ին դարձյալ տապալվեց, արդեն 18-րդ անգամ։
Չորրորդ ամիսն է, որ հանձնաժողովի՝ առանձնահատուկ լիազորություն չունեցող փոխնախագահի ընտրության հարցը չի հաջողվում լուծել։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիրը» 14 անգամ մերժել է․ վերջին անգամ՝ նոյեմբերի 30-ին։
ՔՊ-ն պնդում է, թե քանի որ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, ԱԺ կանոնակարգ օրենքով այժմ իրենք ունեն լիազորություն թեկնածու առաջադրելու, սակայն հրաժարվում են առաջադրումից, քանի որ ցանկանում են, որ ընդդիմությունը նոր թեկնածու առաջադրի։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ Արթուր Ղազինյանի թեկնածությունից չեն հրաժարվել եւ մտադիր չեն նոր թեկնածու առաջադրել, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել են։
Իշխանությունները մտադիր են օրենսդրական փոփոխությամբ սահմանափակել Ազգային ժողովի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն թեկնածուի առաջադրման քանակը։ Նախագիծը մշակման փուլում է, հաջորդ տարի պատրաստ կլինի ու կընդունվի։