«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնել է, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե հիմնադրամը մտադիր է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել եւ Արցախում ունի բազում կարեւոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, մյուս մասն ընթացքում է։
Հիմնադրամն ընդգծել է, որ այս պահին Արցախում իրականացնում է ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով շուրջ 40 մեծածավալ տարաբնույթ ծրագրեր։ Կառուցվում են 1100 բնակարան եւ առանձնատուն, ընդհանուր առմամբ 50 կմ-ից ավելի ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում եւ կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր եւ այլն։
«Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարության մեջ: