ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները գալիք տոների առթիվ 8000 նվեր են բաժանել երեխաներին:
«Մարդասիրական արձագանքման կենտրոնը» մոտ 9 տոննա մարդասիրական օգնություն է բաժանել եւ տարբեր ակցիաներ է անցկացրել փախստականներին ու կարիքավորներին սատարելու համար:
Բացի դրանից՝ խաղաղապահ զորախմբի բժիշկներն այս ամսվա ընթացքում բուժօգնություն են ցուցաբերել տեղացի 78 բնակիչների:
Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթի արտիստները եւս մարդասիրական ակցիայի շրջանակում Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում կշնորհավորեն 6-15 տարեկան երեխաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Համույթն այսօր Լեռնային Ղարաբաղի դիտակետերի ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար նոր տոնական ծրագիր է ներկայացրել։
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչը հայտնել է, որ համերգները կշարունակվեն մինչեւ ամանորյա տոների ավարտը։ «Մենք նրանց հետ կշրջենք բոլոր պահակակետերով եւ ուղեկալներով։ Յուրաքանչյուր զինծառայողի կշնորհավորենք ու ամանորյա նվերներ կտանք»,- նշել է նա։
Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոներին համույթի անձնակազմը Արցախում ելույթ կունենա բոլոր 27 դիտակետերում ռուս խաղաղապահների եւ Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի շրջանների բնակիչների համար։