Թուրքիայում ապրող մրցանակակիր լուսանկարիչ Ջենք Միրաթ Փեքջանաթթին համացանցային ստորագրահավաք է սկսել՝ հայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի արձանը Ստամբուլում դնելու համար: Նա դիմել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ նշելով, որ Ստամբուլն իր լուսանկարչական արվեստի հիմքը դարձրած Արա Գյուլերը Ստամբուլի խորհրդանիշներից է, եւ խնդրել թույլտվություն՝ նրա արձանը քաղաքում կանգնեցնելու համար:
Ջենք Միրաթ Փեքջանաթթին որպես օրինակ մատնանշել է նյույորքցի աշխարհահռչակ լուսանկարիչ Դիանա Արբուսին, որը Նյու Յորքի խորհրդանիշներից էր, եւ որի արձանը վերջերս կանգնեցվեց Նյու Յորքի Կենտրոնական պարկում: Ստորագրահավաքին ուղեկցվող տեքստում Ջենք Միրաթ Փեքջանաթթին Ստամբուլի քաղաքապետից խնդրել է. «Մեր միակ խնդրանքը ձեզնից այն է, որ թույլատրեք՝ մշակույթի եւ արվեստի այս արժեքավոր մարդու բրոնզե արձանը դրվի Բեյօղլուում՝ Գալաթասարայի հրապարակում, որտեղ նա ապրել է իր ողջ կյանքում եւ նպաստել Ստամբուլի ապրանքանիշի տարածմանը»:
Նշվում է նաեւ, որ հոկտեմբերին Դիանա Արբուսի արձանը Նյու Յորքի կենտրոնում ժամանակավոր կանգնեցնելուց հետո նյույորքցիները ցանկություն են հայտնել, որ այն մշտական մնա այնտեղ եւ չհանվի: