Վարշավայում մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում 12 տուրերից հետո 10 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն է:
Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանն ունի 8,5, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը` 7, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 6,5, Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանը` 6 միավոր: Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը եւ Սուսաննա Գաբոյանը 10 հնարավորից հավաքել են 4-ական միավոր:
Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կավարտվի այսօր՝ դեկտեմբերի 30-ին:
Վարշավայում ավելի վաղ անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում հաղթանակ էր տարել 17-ամյա ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը։ Լեւոն Արոնյանը 9 միավորով գրավել էր 6-րդ տեղը։ Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր՝ 8 միավոր իր օգտին գրանցել էր Տիգրան Լ․ Պետրոսյանը ու զբաղեցրել 27-րդ հորիզոնականը։