Ըստ ամերիկյան NBC հեռուստաալիքի՝ Միացյալ Նահանգների Այովա նահանգում ձերբակալվել է Կալիֆոռնիայի սուպերմարկետի 25-ամյա աշխատակից Կաուչուա Բրիյոն Սյունը, որը մտադրվել էր սպանել Միացյալ Նահանգների գործող եւ նախկին նախագահներ Ջո Բայդենին եւ Բարաք Օբամային, ինչպես նաեւ Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Իրավապահները տղամարդու ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք, լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն եւ դեղարկղիկներ: Հետաքննությամբ պարզվել է, որ Կաուչուա Բրիյոն Սյուն դեկտեմբերի 18-ին դուրս է եկել իր տնից՝ Սպիտակ տուն ուղեւորվելու եւ երկրի ներկա եւ նախկին առաջնորդներին սպանելու ակնհայտ մտադրությամբ:
Սյուն հետաքննիչներին հայտարարել է, որ կազմել է «չար մարդկանց» սեփական ցուցակը, որոնցում ընդգկրված անձանց մտադիր է սպանել:
NBC-ի տվյալներով՝ Սյուի «սեւ ցուցակում», Բայդենից, Օբամայից եւ Ցուկերբերգից բացի, ընդգրկվել է նաեւ ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին:
Ներկայացված բողոքի համաձայն՝ Սյուն օգտագործել է հեռախոսի քարտի հավելվածն ու որպես թիրախ է ընտրել հենց Սպիտակ տունը:
Տղամարդը հետաքննիչներին ցույց է տվել Սպիտակ տան տարածքի պատկերը, այդ թվում ենթադրյալ «խոցելի հատվածը», որը նա հայտնաբերել է հարձակմանը նախապատրաստվելու ընթացքում:
Ըստ NBC հեռուստաալիքի՝ Կաուչուա Բրիյոն Սյուն հայատարարել է նաեւ, որ կալանքից ազատվելուց հետո ինքն անշուշտ շարունակելու է դեպի Սպիտակ տուն իր ուղին եւ ուժերի ներածին չափով ձգտելու է կյանքի կոչելու իր ծրագիրը:
«Տղամարդը հայտարարել է, որ այլեւս մտադիր չէ վերադառնալ Կալիֆոռնիա, քանի որ նախատեսում է մեռնել Սպիտակ տան չար դեւերի դեմ պայքարում»,- ասված է դատական արձանագրությունում: