ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 3-ին ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Ըստ Իրանի նախագահի պաշտոնական կայքի՝ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել շարունակելու երկխոսությունը ամենատարբեր մակարդակներում:
Իրանի նախագահն ընդգծել է՝ Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր:
«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է: Այս առումով Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն այդ երկրով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,- շեշտել է Ռայիսին։
Թեհրանը ողջունել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ բանակցային գործընթացում առաջընթացը: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով միջազգային սկզբունքների հիման վրա: Ռայիսին ընդգծել է, որ Իրանն աջակցում է ճանապարհների ապաշրջափակմանը: