Միջուկային հինգ գերտերություններ՝ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Չինաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն է միջուկային զենք ունեցող պետությունների միջեւ պատերազմ թույլ չտալը եւ ռազմավարական ռիսկերի նվազեցումը։
Միջուկային զենք ունեցող երկրները հայտարարում են նաեւ, որ իրենց միջուկային զենքերը չպետք է ուղղված լինեն միմյանց, ինչպես նաեւ այլ երկրների դեմ ու պետք է ծառայեն պաշտպանական նպատակների՝ ագրեսիան զսպելու ու պատերազմները կանխելու համար։
Համատեղ հայտարարությունում հինգ երկրներն իրենց հավատարմությունն են հայտնել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի ուշ նշել է, որ հայտարարությունը ռուսական նախաձեռնությունն էր եւ պետք է ընդունվեր այսօր Նյու Յորքում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հարցերով 10-րդ միջազգային կոնֆերանսում, որը հետաձգվել է համավարակի պատճառով։ Զախարովան նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ միջուկային գերտերություններն այդուհանդերձ որոշել են ընդհանուր հայտարարությունը տարածել։