Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՆԱՏՕ-ում հաստատել են հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը:
Դաշինքի հայտարարությունում նշված է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որպես Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նախագահ, 2022 թվականի հունվարի 12-ին խորհրդի հանդիպում է հրավիրել։ ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է իրականացվի փոխադարձության հիման վրա ու պատասխանի ռուսական գործողությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի մտահոգություններին:
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի խորհրդակցություն հրավիրելու միտքը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգինն է:
ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի վերջին հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները հնարավոր է տեղի ունենան հունվարի 10-ին, իսկ ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին։
ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակեց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին ՌԴ պայմանագրերի նախագծերը: Ըստ դրանց՝ դաշինքը պետք է հրաժարվի Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի, Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի այլ պետությունների տարածքում ցանկացած ռազմական գործունեություն ծավալելուց: