Ըստ իսպանական Periodistas en Espanol կայքի՝ Պոլսում՝ Ստամբուլում լույս տեսնող հայկական ամենահին գործող թերթը՝ «Ժամանակը», հայտնվել է փակման վտանգի առաջ։ 2022-ին կլրանա թերթի 114-ամյակը, սակայն այս տարեդարձը կարող է լինել վերջինը, որովհետեւ թերթը կարող է փակվել միջոցների սղության պատճառով։
Վերջին տարիներին թերթի եկամուտը կտրուկ նվազել է։ Մեկ տարի առաջ հայտարարված դրամահավաքի կոչին արձագանքել են աշխարհասփյուռ հայերը, սակայն միջոցները դեռեւս բավարար չեն:
Պոլսի հայ համայնքի ղեկավարները որեւէ կերպ չեն արձագանքել դրամահավաքի կոչերին։ Թերթը նշել է, որ Թուրքիայի հայ համայնքում բացակայում է միասնականությունը, համայնքի ղեկավարները պայքարում են ազդեցության համար եւ անձնական հաշիվներ մաքրում։
«Ավելորդ է հիշեցնել, որ վերջերս Թուրքիայի հայերը բախվեցին ամենալուրջ դժվարությունների, որոնք միայն մասամբ են հաղթահարվել։ Միեւնույն ժամանակ հենց համայնքի ներսում դա թշնամանքի եւ ճամբարների բաժանման տեղիք տվեց, որոնցից յուրաքանչյուրը մյուսի դեմ պայքարում չի անտեսում որեւէ մեղադրանք եւ զրպարտություն։ «Ժամանակը» անընդհատ ձգտում էր հիշեցնելու միասնության մասին, ինչը մեզ դարձրեց այս բոլոր խմբերի ընդհանուր թշնամին։ Դա տեղի է ունենում, երբ մարդիկ մոռանում են իրենց ժառանգության եւ լեզվի մասին»,- գրել է թերթը։
«Ժամանակը» մշտապես անդրադարձել է մասնավորապես Ստամբուլի հայկական համայնքային դպրոցներին, որոնց կառավարումը կտրուկ վատթարացել է։ Համայնքի ազդեցիկ մարդիկ, դժգոհ լինելով թերթի անաչառությունից, աստիճանաբար դադարեցրել են այնտեղ գովազդներ եւ հայտարարություններ տեղադրել՝ պարբերականի եկամուտը նվազեցնելու համար։
«Ժամանակ» թերթը հայտարարել է, որ շարունակելու է գոյության պայքարը եւ աջակցության խնդրանքով կրկին դիմել է ընթերցողներին ու համախոհներին, ինչը կօգնի հաղթահարելու ժամանակավոր դժվարությունները եւ շարունակել երկարաժամկետ զարգացումը։
«Ժամանակ» թերթը հիմնադրվել է 1909-ին։ Թերթը հայերենով գործող ամենահին հրատարակությունն է ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Թուրքիայում գործող ամենահին թերթը։