Հայկական սերիալային հարահոսը (կոնվեյեր) վերջին տասնամյակներում մշտապես անդրադարձել է Արցախյան պատերազմին։ Հիմնականում՝ հպանցիկ, սերիալի սկզբնամասում, եւ այդ հայրենասեր չափաբաժինը հերիք էր, որպեսզի տատիկները մի քանի հարյուր սերիա հուզվեին՝ հիշելով, թե «ինքը կռվող տղա էր»։
Ու անկարեւոր էր, որ այդ հերոս տղան (հիմնականում Սարգիս Գրիգորյանի նման ռեմբոյական-ժպտերես) առաջին մասում էլ սպանվում էր, մնացյալը սենյակներում ծավալվող անիմաստ խոսքուզրույց էր։
44-օրյա պատերազմի ցնցումը, թվում է, լրջացնելու էր հեռուստատեսությամբ ֆիդայական թեման պատրվակ դարձնող սերիալագիրներին, բայց ընդամենը մի քանի ամիս։
Փետրվարից «Արմենիայի» եթեր մտավ «Ծաղիկներ ձյան տակ»-ը, արդեն երկրորդ եթերաշրջանով, ու թեեւ այն վաղուց սիրային քառանկյունի է, կարեւորը վերնագիրն ու ֆիլմի զինվորի պատկերն է՝ սարսափազդու եւ աղետալի։
Դիանա Գրիգորյանն էլ չէր կարող հետ մնալ տաք թեմաներից եւ ամռանը եթեր հանեց իր սկանդալային «Երդումը», որի առաջին մասերը նկարել էր Թուրքիայում եւ առանց հումորի ու չափազանցության հպարտանում էր, թե ծովի մեջ լողալիս գոռացել են «Հայաստաաաա՜ն»՝ խիզախությունից ու հայրենասիրությունից։
Հերոսուհու եղբայրն ու հայրը զոհվել են պատերազմում, հերոսներից մեկը օսմանցի թուրքի է սիրահարված, բոլորն իրար գզում են, սիրային եռանկյունի է, բայց եւ սրտաճմլիկ՝ պատերազմի սոուսով։
Նոր Հայաստանի եթերի «Սրտին հակառակը» աշնանից է մեկնարկել, պատերազմի, գերի ընկնելու մասին է։ Թեթեւ ձեռքով ներմուծել են թարմ թեմաներ՝ գերությունը կասկածի տակ դնելու, հայրենազրկումի։ Օրինակ՝ հերոսուհուն հիվանդանոցից տուն են ուղարկում, հարցնում է՝ «Տուն ո՞ւր, Հադրո՞ւթ», այսքան ակտուալ-անհավաստի։
Օրինակներն աղքատիկ ու կցկտուր են, քանզի անհնար է հետեւել։
Եթե այս սերիալներում հանկարծ շեշտադրվում են թշվառությունը, փող չունենալը, լացուկոծը եւ այլն, ուրիշ ճանապարհով է գնացել Հանրայինը։ «Երջանկության մեխանիկա» կարճ նովելը ճշմարիտ հրաչքեշիշյանական ֆիլմ է՝ դերասանական աստղաբույլ եւ ծանոթ գլամուր։ Պատերազմին մասնակից, անդամահատված վերջույթով հերոսը տարակուսելի ինտեգրված էր, օրը մի աղջկա հետ էր, եւ բաց տեսարանին զուգահեռ մի կողմ շպրտված պրոթեզը դրա ապացույցն էր։
Նախկին զինվորը մի ուրիշ Հայաստանում էր ապրում, թանկ հյուրանոցներ ու ռեստորաններ, անհասկանալի անուններով ուտեստներ, ինքն էլ բարի, գեղեցիկ, շռայլ։ Դե, այստեղ էլ կռված տղան ֆոն էր՝ ցույց տալու, թե ինչ անկասելի գեղեցկուհի է հերոսուհին (գուշակեցիք՝ Նազենի Հովհաննիսյանը)։
Տաղանդավորագույն դիզայները թեեւ երեք երեխա ունի՝ երկուսն իր բոյին, սակայն նրան անհույս սիրահարված են, առանց չափազանցնելու, հիմնարկի ղեկավարը, փաստաբանը, իր տան ճարտարապետը, Հյուսիսային պողոտայի իր տունը տակով արած գործարարը։ Պատկառելի այս ցանկը լրացնում են սիրահարված-բռնաբարները՝ անշարժ գույքի սեփականատեր զավեշտալի մեծահարուստը եւ Ռուսաստանից եկած հաճախորդը։ Մի խոսքով՝ ով կա-չկա։ Սա էլ՝ Հանրայինը։
Կինոգետ Սուրեն Հասմիկյանը ճիշտ է՝ Արցախին ու պատերազմին վերաբերող մեր ֆիլմերը միայն տարակուսանք են առաջացնում։
Գայանե Մկրտչյան