Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 4-ի առավոտյան ընդունել է Լիբանանում Պապական Նվիրակ արքեպիսկոպոս Ժոզեֆ Սփիթերիին:
Սփիթերին Վեհափառ Հայրապետին է փոխանցել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նամակը, որում Սրբազան Քահանայապետը Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի առիթով իր բարեմաղթություններն է հայտնել Վեհափառ Հայրապետին:
Հանդիպումն առիթ էր նաեւ արժեւորելու Վատիկանում 2021-ի հուլիսին Լիբանանի քրիստոնյա հոգեւոր պետերի հանդիպումը, ինչպես նաեւ Լիբանանը դիմագրավող ներկա քաղաքական ու տնտեսական տագնապը: Պապական Նվիրակը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է այս հարցում Վատիկանի կատարած աշխատանքների մասին։ Վեհափառ Հայրապետն իր հերթին փոխանցել է շուրջ երկու շաբաթ առաջ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները:
Նույն օրը Նորին Սրբությանն այցելել է Միացյալ Նահանգներում Լիբանանի նախկին դեսպան Սիմոն Քարամը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Միջին Արեւելքում ու Լիբանանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները: