Ղազախստանի արեւմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից (մինչեւ 120 տենգե մեկ լիտրի համար) հետո Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի արեւմուտքում նավթարդյունահանող տարածաշրջանի՝ Մանգիստաուի մարզի Ակտաու, Ժանաոզեն քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների։ Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ երկրի այլ շրջաններում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։
Ըստ «Սպուտնիկ Ղազախստանի»՝ ցուցարարներն այսօր ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարանի շենք։ Ներսում ոստիկանությունն է եղել, օգտագործվել են լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները նույնպես լուսաձայնային նռնակներ են ունեցել, ինչպես նաեւ վահաններ եւ փայտեր։
Ցուցարարների մեկ այլ խումբ փորձել է ներխուժել նախագահի հին նստավայր։ Ոստիկանները նահանջել են դեպի հին նստավայր, որը քաղաքապետարանից մոտ 50 մետր է հեռու։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 4–ի լույս 5-ի գիշերը հասարակական անվտանգության ապահովման նպատակով հրամանագրեր է ստորագրել հունվարի 5-19-ը Ալմաթիում եւ Մանգիստաուի մարզում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Ցույցերն այնտեղ վերաճել են անկարգությունների:
Ակտիվիստները խարույկներ են վառել, եղել են նաեւ հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում՝ կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցվի մինչեւ 50 տենգե մեկ լիտրի համար:
Երկրի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձեւավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի եւ պահանջարկի հիման վրա: Ղազախստանի նախագահ Տոկաեւը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ստեղծել։
Տիեզերակայանն անսասան է
«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղազախստանում ընթացող բողոքի ակցիաները Բայկոնուր քաղաքի վրա չեն ազդել, քաղաքի իրավապահ մարմիններն աշխատում են սովորական ռեժիմով։
Բայկոնուրն աշխարհի առաջին ու ամենամեծ տիեզերակայանն է, որտեղից արձակվել է Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Բայկոնուրից է իրականացվել տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքը՝ Երկիր մոլորակից առաջին թռիչքը տիեզերք։
ԽՍՀՄ փլուզումից հետո տիեզերակայանը դարձել է Ղազախստանի սեփականությունը։ Բայկոնուրի վարձակալության համար Ռուսաստանը Ղազախստանին տարեկան 115 միլիոն դոլար է վճարում։
Թարմացում
Ալմաթիում հրկիզել են քաղաքապետարանի շենքը։
Ղազախստանի ամբողջ տարածքում անջատվել է համացանցը։ Ըստ NetBlocks ընկերության՝ մինչ այդ մի ամբողջ օր խափանումներով էր գործում ու որոշակիորեն սահմանափակված էր միայն բջջային ինտերնետ կապը։ «Դա ըստ երեւույթին խիստ կսահմանափակի հակակառավարական ցույցերի լուսաբանումը»,- թվիթերյան գրառմամբ նշել են ընկերությունից։
Արգելափակված է Ղազախստանի որոշ պետական մարմինների կայքերի մուտքն արտերկրից, չեն աշխատում նաեւ տարբեր լրատվամիջոցների ինտերնետ ռեսուրսները։
Նշվում է, որ ցուցարարներն Ալմաթիում գրավել են «Միր 24» հեռուստաալիքի գրասենյակը եւ պահանջում են ուղիղ եթեր տրամադրել իրենց։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանրապետական հեռուստաալիքներով հանդես է եկել ուղերձով։ Ուղիղ եթերում նա հայտարարել է, որ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել են նաեւ մի քանի ուժայիններ։
Ղազախստանի նախագահը նշել է, թե ամեն ինչ վկայում է, որ «խուլիգանական մասսաների» գործողությունները մանրակրկիտ ձեւով մտածված եւ ֆինանսապես մոտիվացված են։
Տոկաեւը շեշտել է, որ մտադիր են առավելագույնս կոշտ գործել։ «Միասին մենք կհաղթահարենք այդ սեւ գիծը Ղազախստանի պատմության մեջ»,- ասել է նա։