ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ մինչեւ 2021-ի դեկտեմբերի 30-ը կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացած եւ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար չդիմած քաղաքաբնակ կենսաթոշակառուների համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն (Ազգային օպերատոր՝ էլեկտրոնային փողի միջոցով կամ բանկեր)։
Ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կարող է տեղեկանալ առցանց եղանակով՝ Միասնական սոցիալական ծառայության կայքում բացված պատուհանում մուտքագրելով կենսաթոշակառուի անձնական տվյալները։
Նախարարությունն ընդգծել է, որ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («Հայփոստ»-ի) միջոցով:
Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021-ին, ըստ որի՝ 2021 թվականի հուլիսի 1-ից Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։
Մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները վճարող կազմակերպությունն ընտրելու համար անձամբ դիմում են ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Ազգային օպերատորին (ՀայՓոստ) ընտրած կենսաթոշակառուները մինչեւ Միասնական սոցիալական ծառայություն դիմելը արդեն պետք է ունենան «Հայփոստ»-ի հետ կնքված Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման եւ համալրման պայմանագիր եւ դիմումի հետ ներկայացնեն նաեւ պայմանագիր կնքելու մասին «Հայփոստ»-ի տված տեղեկանքը։
Կենսաթոշակառուները հետագայում ցանկության դեպքում կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայություն եւ փոխել վճարող կազմակերպությունը։
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, ինչպես նաեւ 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները եւ լիազորագրով կենսաթոշակ ստացողները կարող են կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։
Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաեւ պարգեւավճարների եւ պատվովճարների վրա։