ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում գրիպի նոր տեսակի վիրուսի հետեւանքով շուրջ 600 քաղաքացի հոսպիտալացված է։ Նրանց 95 տոկոսը մինչեւ 18 տարեկան երեխաներ են։
Նախարարը նշել է, որ քաղաքացիները կարող են պատվաստումներ ստանալ գրիպի դեմ․ դա որեւէ հակացուցում չունի կորոնավիրուսի դեմ միաժամանակյա պատվաստումների նկատմամբ։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտնել է, որ Հայաստանում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը դեռեւս անկայուն է՝ հաշվի առնելով, որ հիվանդացության շեմը բարձր է երկու անգամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.8 անգամ։
Աբովյանը նշել է, որ Արարատի եւ Տավուշի մարզերում դիտվում է բարձր, իսկ Երեւանում եւ մնացած մարզերում միջին ինտենսիվության ակտիվություն: Հունվարի 4-ի դրությամբ 13 խնամառու վերակենդանացման բաժանմունքում է: Նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը։
ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նշել է, որ մանկական բուժհիմնարկներում իրավիճակը լարված է, դիմելիությունը բարձր է, բերվում են անգամ 44 օրական հիվանդացած երեխաներ:
Նա ընդգծել է, որ ներկայում շրջանառվում է H3N2 տեսակի գրիպը կամ հոնկոնգյան գրիպը, որով հիմնականում հիվանդանում են 0-5 տարեկան երեխաները։
Սարգսյանը ներկայացրե է ախտանիշները՝ նշելով, որ մի քանի օր դիտվում են բարձր տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր։ Նա նշել է, որ այս վարակի հետեւանքներն ազդում են այլ հիվանդությունների զարգացման վրա, ինչպես մնացած բոլոր շնչառական վարակների դեպքում է։