Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստիի»՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն՝ ՀԱՊԿ ուժերը սահմանափակ ժամանակով Ղազախստան են ուղարկվում։ Խաղաղապահ ուժերի կազմը, կառուցվածքը եւ թվաքանակը որոշում են ղեկավարները:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, որ դիմել է բոլոր երկրների առաջնորդներին՝ ՀԱՊԿ օգնության համար։ Տոկաեւն ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն արտաքին ագրեսիա է համարում, քանի որ երկրում անկարգություններ կազմակերպած ահաբեկչական խմբավորումները նախապատրաստվել են արտերկրում:
Դրանից հետո՝ հունվարի 6-ի գիշերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ բարձրագույն մարմին) նախագահ, հայտնել է, որ մասնակից երկրների առաջնորդները որոշում են ընդունել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:
Փաշինյանի հայտարարության մեջ նշված է, որ ՀԱՊԿ ուժերը Ղազախստան են մտցվում հավաքական պաշտպանության մասին հոդվածի (Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդված) շրջանակում, սահմանափակ ժամանակով եւ երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով:
Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում կարող են ընդգրկվել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից հատկացված հատուկ ռազմական, ոստիկանական եւ քաղաքացիական անձնակազմերը, ուժերն ու միջոցները:
Զորախմբի կազմում կարող են ձեւավորվել միացյալ հրամանատարություն, մարտական զորամասեր, ռազմական դիտորդների խումբ, ոստիկանության ստորաբաժանումներ, այլ մարմիններ ու ստորաբաժանումներ:
Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտնել է, որ ՀԱՊԿ ուժերը մասնակցում են ոչ թե կարգուկանոն հաստատելուն, այլ ռազմական ենթակառուցվածքների եւ այլ օբյեկտների պաշտպանությանը: Նա նշել է, որ ՀԱՊԿ ուժերը մշտական պատրաստականության վիճակում են։
Թարմացում
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է իրավիճակը կայունացնելու եւ կարգավորելու նպատակով սահմանափակ ժամկետով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն։
Ռուս զինվորականները Ղազախստան են մեկնել խաղաղապահ զորախմբի կազմում, որը ձևավորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից։
Զոհվել է 12 իրավապահ, վիրավորվել՝ 350-ը
Ըստ տեղական եւ ռուսական լրատվամիջոցների՝ Ալմաթիում ուժայինների եւ ցուցարարների միջեւ բախումների ընթացքում զոհվել են իրավապահ մարմինների 12 աշխատակիցներ, եւս 353-ը վիրավորվել են:
Ռուսական ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ իրավապահներից մեկին գլխատված են հայտնաբերել։