Հեռավոր 1990-ականներին Հայաստանին առաջարկում եւ նույնիսկ խնդրում էին զորք մտցնել քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Վրաստան։ Շատ տաք գլուխների այդ գաղափարը գայթակղիչ էր թվում, բայց օրվա իշխանությունն այդ հարցում հետեւողական էր եւ անդրդվելի։
Չէր կարելի Ղարաբաղի հետ զուգընթաց երկրորդ ճակատ բացել, բայց սրանից անդին Հայաստանի Հանրապետության խուսափողական մոտեցումը բացատրվում եւ ամբողջացվում էր նախագահ Տեր-Պետրոսյանի դիպուկ ձեւակերպմամբ․ «Վրաց ժողովուրդը մեզ երբեք չի ների դա»։
Միայն հետագայում է պարզ դարձել, որ Հայաստանի այս դիրքավորումը չափազանց բարձր է գնահատվել Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը։
Երկրորդ վտանգավոր առաջարկը տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում, երբ Երեւանից ակնկալում էին ռուսական զորքերի կազմում խաղաղապահ ներկայացվածություն Սիրիայում, որը նույնպես թաղված էր քաղաքացիական պատերազմի հորձանուտի մեջ։
Եթե հիշում եք, այդ շրջանում էլ տաք գլուխներ գտնվեցին, որոնք ցանկանում էին գնալ ու կռվել հանուն Քեսապի եւ Հալեպի։ Բոլոր այդ փորձերը կանխվեցին, բանը նույնիսկ հասավ նրան, որ իրավապահները «Զվարթնոց» օդակայանում արգելեցին Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների մեկնումը Սիրիա։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, ապա այդ գաղափարը սառեցվեց։
Մոտավոր վերարտադրությամբ Սերժ Սարգսյանը խուսափել էր դրանից՝ դնելով հետեւյալ հարցադրումը․ ինչո՞ւ այդ կամպանիային չեն միանում նաեւ Բելառուսն ու Ղազախստանը (այս երկուսը նույնպես խուսափել էին դրանից եւ ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի հետ խնդիրներ չունենալու հեռանկարով պայմանավորված)։
2018-ին իշխանության գալուց հետո վարչապետ Փաշինյանը բոլորի համար անակնկալ հայտարարեց, թե Հայաստանը խաղաղապահ առաքելություն է գործուղում Սիրիա, այն էլ ռուսական զորքերի ենթակայության ներքո։
Ի՞նչ էր սա, հավատարմության երդո՞ւմ, թե՞ դիվանագիտական անողնաշարության դրսեւորում։ Կամ էլ նպատակային արկածախնդրություն, որը ոչ միայն չընկալվեց աշխարհի կողմից, այլեւ սվիններով ընդունվեց Վաշինգտոնում։ ԱՄՆ-ը նման բաները երբեք չի մոռանում։
Իհարկե դժվար է որեւէ հոդաբաշխ բացատրություն գտնել, թե ինչու է Հայաստնի Հանրապետությունը ներքաշվում մի տարածություն, որտեղ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը հակոտնյա են ու թշնամական, հատկապես, երբ ամբողջ հավաքական Արեւմուտքը նախագահ Ասադին մեկուսացրել եւ անցանկալի անձ է հռչակել՝ դիտարկելով որպես բռնապետ եւ մարդասպան։ Չի բացառվում, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանն ընդամենը փորձում էր հաստատել իր վասալական կախվածությունը Մոսկվայից՝ այդպիսով, իր կարծիքով, փափկացնելով նախագահ Պուտինի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։
Իսկ հիմա Հայաստանը ներքաշվում է միջազգային մի նոր արկածախնդրության մեջ։
Կիզակետում Ղազախստանն է, որը հեղափոխական շարժման դեմն առնելու համար օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Վարչապետ Փաշինյանը, որը ներկայումս նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է, հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվելու ՀԱՊԿ հավաքական խաղապահ ուժեր։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ ինչո՞ւ է հենց ՀՀ վարչապետն այս հարցում այդքան ակտիվ, անընդհատ հայտարարություններ է տարածում՝ հանդես գալով նաեւ անուղղակի պատրաստակամությամբ։ Մի՞թե չի կարող առնվազն խուսափել եւ սահմանափակվել միայն դիվանագիտական խողովակներով շփումներով։
Ի հայտ է գալիս մյուս հարցադրումը․ ի՞նչ կապ ունի Հայաստանը Ղազախստանի ներքին խնդիրների հետ։ Բնակչությունն ընդվզել է երկրի ավտորիտար իշխանության դեմ, եւ միգուցե դա դեմոկրատական շարժում է։ Ավելին՝ մենք ծանոթ չենք հարցի վերաբերյալ Վաշինգտոնի եւ Բրյուսելի վերջնական դիրքորոշմանը, եւ հենց այդ համատեքստում ինչո՞վ է բացատրվում Հայաստանի այս ակտիվությունը։
Եզրակացություն․ կա՛մ Նիկոլ Փաշինյանը միջազգային կամակատար է, կա՛մ երկրի շահերը վտանգելով՝ լեգիտիմություն է աղերսում, կա՛մ էլ պարզապես չի հասկանում, թե ինչ է անում։
Հասկանալի է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, բայց ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը Հայաստանից ղազախական հարցի վերաբերյալ այսչափ ակտիվություն է ակնկալել։ Ի դեպ, ճակատագրի հեգնանքով հետխորհրդային տարածքում հեղափոխական շարժումների դեմ «Սրբազան կոալիցիա» կազմելու առաջին խոսափողի կարգավիճակը վստահվել է հենց հեղափոխական Նիկոլ Փաշինյանին։ Սա էլ երեւի այդ գործչի սկզբունքայնության եւ բարոյականության նկարագիրն է։ Միգուցե Նազարբաեւի երեսնամյա տիրապետությունն ու ազգի հոր փորձառությունները տպավորել են Հայաստանի Հանրապետության «անսխալ նավավարին»։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։