Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երկրի իրավիճակի վերաբերյալ Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձում հրամայել է ահաբեկիչների ուղղությամբ կրակ բացել առանց նախազգուշացման։ «Հանցագործներին պետք է ոչնչացնել, եւ դա կարվի մոտ ժամանակներս»,- ասել է Տոկաեւը:
Նա նշել է՝ Ղազախստանը գործ ունի օտարերկրյա հանցագործների հետ․ ընդհանուր առամամբ հարձակումներին մասնակցել է 20 հազար ահաբեկիչ, որոնց դեմ հատուկ գործողություն է իրականացվում:
Տոկաեւն ընդգծել է, որ չափազանց կարեւոր է հասկանալը, թե ինչու է պետությունն աչքաթող արել գրոհայինների բջիջներում ահաբեկչական գործողությունների ընդհատակյա նախապատրաստումը: Նա նշել է, որ քաղաքացիների խաղաղ ձեւերով արտահայտված պահանջները լսելի են եղել:
Տոկաեւը նաեւ շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ ցուցաբերած աջակցության համար:
«Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նա արագ եւ բարեկամաբար արձագանքեց օգնության իմ խնդրանքին»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Տոկաեւն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արտասահմանում կողմերին կոչ է արվում բանակցություններ վարելու՝ խնդիրների խաղաղ լուծման համար: «Ինչ հիմարություն, ինչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ»,- ասել է Ղազախստանի նախագահը: