Հունաստանի Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, որի համաձայն՝ դեկտեմբերի 30-ին ձերբակալված պոլսահայ մտավորական Սեւան Նշանյանն այսօր ազատ կարձակվի, տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Ըստ որոշման՝ Նշանյանը պարտավոր է 15 օրվա ընթացքում կամավոր հեռանալ Հունաստանից: Քանի որ նա ՀՀ քաղաքացի է, դեսպանատունը հայտնել է, որ ցանկության դեպքում կարող է մեկնել Հայաստան: Մինչ այդ Սեւան Նշանյանի կինը՝ հունահայ Հերա Ցուրուն, մտահոգություն էր հայտնել, որ Նշանյանին կարող են արտաքսել Թուրքիա: Ընտանիքը վտանգներ էր տեսնում նրա՝ Թուրքիայում հայտնվելու առումով, քանի որ մտավորականը 2017 թվականին փախել էր թուրքական բանտից եւ, սահմանը հատելով, հայտնվել Հունաստանում: Թե ինչպես էր Նշանյանին հաջողվել դա, նա պատմել է փախուստից անմիջապես հետո տված հարցազրույցում. «Ինձ թվում է, որ իրենք էլ ուրախ են, որ ես դուրս եկա եւ գնացի: Մի խնդիր պակաս իրենց համար»:
Սեւան Նշանյանը ՀՀ անձնագիր է ստացել 2019 թվականին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեսպանատունն առավելագույն ջանքեր է գործադրել, որ Նշանյանը հնարավորություն ստանա Հայաստան գալու:
Իսկ Հունաստանում նա ձերբակալվել էր կացության կարգավիճակի ժամկետը մեկ օր առաջ լրանալու պատրվակով, կացության կարգավիճակն էլ ստացել էր Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու հանգամանքով (Հունաստանում ամուսնացել էր փախուստից հետո, նրա առաջին ընտանիքը Թուրքիայում է): Ձերբակալության պատճառները, սակայն, ըստ Նշանյանի գործունեությանը հետեւողների, ավելի խորքային են, կապված են թե՛ նրա այլախոհական գաղափարների, թե՛ օրինազանցության հակումների հետ:
Իսկ թե Հայաստանն ինչ պայմաններով է ընդունելու թուրքական բանտից փախած մտավորականին, առայժմ պարզ չէ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։