Ըստ թուրքական Duvar պարբերականի՝ Պակիստանը հրաժարվել է Թուրքիայից1,5 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով T129 ATAK հարվածային ուղղաթիռների խմբաքանակ գնելուց:
Այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ է գնել, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Անկարայի պաշտպանական մատակարարումների համար։ Մասնավորապես դադարեցվել է շարժիչների մատակարարումը, որոնք օգտագործվում էին թուրքական ուղղաթիռներում։
Թուրքական կողմը դեռ մեկ տարի առաջ խնդրել էր մատակարարման ժամկետը հետաձգել, սակայն այդ ընթացքում չէր կարողացել այլ մատակարարների գտնել։
Թուրքական ուղղաթիռների փոխարեն Պակիստանը չինական WZ-10 գերժամանակակից ուղղաթիռներ կգնի։
«Կարմիր գարուն» գործակալության տվյալներով՝ T129 ATAK ուղղաթիռն իրականում թուրքական մշակում չէ։ Ուղղաթիռը ստեղծվել է Agusta A129 Mangusta իտալական մոդելի հիման վրա:
T129 ATAK ուղղաթիռի վրա կարող են տեղակայվել ինչպես սովորական, այնպես էլ զենիթային հրթիռներ, մասնավորապես ամերիկյան «Սթինգերներ»։ Թուրքիայի զինված ուժերում ավելի քան 50 նման ուղղաթիռներ կան։