Ըստ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբակցության՝ Թուրքիայի տնտեսությանը վերաբերող զեկույցի՝ 2002-ի դեկտեմբերից մինչեւ 2021-ի նոյեմբերն ընկած ժամանակաշրջանում Թուրքիայի պետական գանձարանի ներքին պարտքն ավելացել է 1 տրիլիոն 116 միլիարդ լիրայով, իսկ արտաքին պարտքը՝ 1 տրիլիոն 298 միլիարդ լիրայով։
Զեկույցի համաձայն՝ 2021-ի 11 ամիսների ընթացքում Թուրքիայի ներքին եւ արտաքին պարտքը կազմել է 125 միլիարդ լիրա։ Երկրի ընդհանուր պարտքն ավելացել է 895 միլիարդ լիրայով՝ հասնելով 2 տրիլիոն 708 միլիարդի։
ԺՀԿ-ի զեկույցում նաեւ նշվում է, որ 2 տրիլիոն 708 միլիարդ լիրա պետական պարտքի 91 տոկոսը՝ 2 տրիլիոն 465 միլիարդ լիրան, կուտակվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության տարիներին։ Մինչեւ 2002-ը Թուրքիայի գանձարանի ներքին եւ արտաքին պարտքը միասին կազմել է ընդամենը 243 միլիարդ լիրա։