1997 թվականի սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսով, նոյեմբերի 1-ի հոդվածով՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը», եւ 1998-ի հունվարի 7-8-ին հրավիրած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները») քննարկումով Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ Հայաստանի իշխանության ուժային հատվածին ու Արցախի նախկին ու գործող իշխանություններին համոզել, որ Հայաստանի եւ Արցախի համար միակ հնարավոր եւ այդ պահի դրությամբ արժանապատիվ տարբերակը փուլայինն է:
24 տարի առաջ այս օրը ավարտված նիստը, որին մասնակցում էր Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունը, վճռեց ոչ միայն առաջին նախագահի հրաժարականը, այլև, ինչպես պիտի ցույց տար ապագան, խափանեց ղարաբաղյան կարգավորման բանակցային, խաղաղ ճանապարհով արժանապատիվ լուծումը:
Բանակցային գործընթացում դա միակ (1997, փուլային) տարբերակն էր, որը վերապահումներով, բայց ընդունելի է եղել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար: Արցախը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով եւ Լաչինի շրջանով (ուշադրություն դարձրեք՝ ոչ թե միջանցքով), ընդհանուր՝ ավելի քան 6.000 քառակուսի կիլոմետր տարածք (այսօր դրա կեսն էլ չունենք), մնում էր Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության համակարգում, Ստեփանակերտը հավասարը հավասարի խոսում էր Բաքվի հետ (հոդված 8. կողմերն անհապաղ հիմնում են մշտական խառը հանձնաժողով, որի նախագահը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն է` մեկական փոխնախագահով Ադրբեջանից եւ ԼՂ-ից):
Փուլային տարբերակով ձեւավորվում էր բուֆերային գոտի՝ 1988-ի ԼՂԻՄ-ի սահմանագծի եւ Լաչինի շրջանի հյուսիսային ու հարավային սահմանագծերի երկայնքով, որը ամբողջովին ապառազմականացված ու չբնակեցված պետք է լիներ:
Բացի այդ՝ ստեղծվում էր ապառազմականացված բաժանարար գոտի, տարածաշրջան էին մտնում միջազգային խաղաղապահ ուժեր, վերացվում էին շրջափակումները, բացվում էին տարածաշրջանային հաղորդակցությունները, ավարտվում էր պատերազմը, մի խոսքով՝ արժանապատիվ խաղաղության դարաշրջան բացելու հնարավորություն էր ստեղծվում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ըստ էության, միակ հնարավոր եւ իրագործելի տարբերակին ընդդիմացան Հայաստանում իշխանության ձգտող Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը եւ ռազմական հեղաշրջման սպառնալիքի տակ պարտադրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով պարտվողականության ու Արցախը հանձնելու մտադրության մեջ:
«Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը սոսկ շղարշ է՝ կարգավորման գործընթացը ձգձգելու, այսօրվա ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եվ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»,- 1998 թվականի հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի նիստը այսպիսի խոսքերով պիտի փակեր Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Մենք ոչ միայն կորցրինք Արցախյան հարցի հայանպաստ լուծման վերջին հնարավորությունը, այլեւ բազմաթիվ վերքեր հասցրինք Արցախին եւ արցախահայության հարազատ մորը՝ Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին:
Առաջին. չլուծելով ղարաբաղյան հակամարտությունը՝ մենք անհնարին դարձրինք Հայաստանի ապաշրջափակումը, որ շարունակվում է եւ կարող է շարունակվել նաեւ առաջիկայում, երբ մենք արդեն պարտված ենք:
Երկրորդ. Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակեցին թշնամական քաղաքականությունն ու Հայաստանը շրջափակման տակ պահելու, տնտեսապես հյուծելու, տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու ռազմավարությունը:
Երրորդ. Հայաստանը զրկվեց իրական արտաքին քաղաքականություն ունենալու հնարավորությունից, եւ նրա ռազմական, տնտեսական, քաղաքական, հոգեբանական կախումը Ռուսաստանից խորացավ:
Չորրորդ. 1998-ից ի վեր մենք տվեցինք եւս շուրջ 10 հազար զոհ եւ 10 հազարից ավելի վիրավորներ, աղետալի պատերազմով կորցրինք 8000 քառակուսի կիլոմետր տարածք:
Հինգերորդ. կորցրինք հաղթած վիճակում արժանապատիվ խաղաղություն ստանալու միակ շանսը եւ, ի վերջո, ենթարկվեցինք նոր Բաթումի ու Ալեքսանդրապոլի:
Վեցերորդ. 30 տարիների մեր ձեռքբերումներն ու հաջողությունները զրոյացվեցին, ջնջվեց երկու սերնդի կենսագրություն, հաղթանակած ժողովրդից մենք վերածվեցինք պարտված ժողովրդի՝ դրան ուղեկցող հոգեբանական անվերջ թվացող մղձավանջով:
Յոթերորդ. արժանապատվորեն եւ հաղթած վիճակում կարգավորելով ղարաբաղյան խնդիրը՝ Հայաստանը հնարավորություն ուներ ապագայում դառնալու չեզոք քաղաքականություն դավանող երկիր եւ չէր կանգնի դժոխային ընտրությունների առաջ, ինչպես Սիրիա կամ Ղազախստան զորք ուղարկելուն հնազանդորեն համակերպվելն է:
Ութերորդ. Հայաստանը հնարավորություն ուներ դառնալու էներգակիրներ տեղափոխող, տրանսպորտային խաչմերուկ պետություն, որից կախում կունենային իր անմիջական հարեւանները:
Իններորդ. Հայաստանը կլիներ ավելի ուժեղ, եւ միայն ուժեղ Հայաստանն է Արցախի անվտանգության ու պաշտպանության երաշխավորը:
Թվարկումը, հատկապես 44-օրյա աղետի ֆոնին, կարելի է շարունակել անվերջ: Բայց դա անիմաստ է, ինչպես անիմաստ են գործող իշխանությունների, Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի՝ պատասխանատվությունից խուսափելուն ուղղված հայտարարություններն ու հոդվածները:
Արցախը եւ Հայաստանը պարտության տարած այս իշխանությունները եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում ասում են, թե հայ ժողովուրդը անընդունելի էր համարելու 6-7 շրջանների վերադարձը խաղաղ պայմաններում: Կեղծ հայրենասիրությամբ ու ծովից ծով Հայաստանով սնվող ժողովուրդը կամ նրա մի հատվածը կարող էր անընդունելի համարել:
Մի վերջին անգամ՝ 2016 թվականի դեկտեմբերին, Տեր-Պետրոսյանը պատկերավոր ներկայացրեց, թե ինչ է լինում, երբ տղայական մաքսիմալիզմը հաղթում է քաղաքական բանականությանն ու խոհեմությանը. «Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել: Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ: Մասը պահողները, փրկողները, հռչակվում են դավաճաններ: Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուս «քաջերի», իրականում, ինչ ասեմ՝ ստոր վախկոտների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի»:
Ճակատագրի հեգնանքով այսօր խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանում իշխանությունը կազմված է ամեն ինչ կորցրած հայրենասերներից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց արբանյակների:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։