Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանրապետության իրավապահ մարմիններն անկարգությունների ժամանակ ձերբակալել են 7939 մարդու, այդ թվում՝ օտարերկրացիների:
Ազգային գվարդիայի զինվորները Ալմաթիի երկու շուկաներում ձերբակալել են 207 անձանց, հայտնաբերվել են սառը զենք եւ հրազեն, վերադարձվել են հինգ առեւանգված ավտոմեքենաներ, ինչպես նաեւ գողացված կենցաղային տեխնիկա: Հարուցվել է 125 քրեական գործ:
Գեներալների առեղծվածային մահերը
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության՝ գերատեսչության աշխատակիցները հանրապետության մայրաքաղաքում բնակության վայրի տան բակում գտել են Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաեւի դին, կատարվում է հետաքննություն:
Ըստ «Սպուտնիկ Ղազախստանի»՝ ավելի վաղ մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ, գեներալ Ժանատ Սուլեյմենովը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով գեներալ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։ Ոստիկանության բաժանմունքի պետի մահվան լուրը պաշտոնապես հաստատվել է։
Ժամբիլի շրջանը Ղազախստանի ակտիվ բախումների մեջ ներքաշված շրջաններից է, որտեղ, վերջին տվյալներով, 10 մարդ է մահացել։ Ընդհարումների ժամանակ Ղազախստանում 164 մարդ է սպանվել։
Օպերատիվ իրադրությունը վերահսկվում է
Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում արձանագրվել է, որ երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, հսկողություն է սահմանվել օպերատիվ իրադրության նկատմամբ, իրավապահ մարմիններն ազատագրել են նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը, վերականգնվում է կոմունալ օբյեկտների եւ կենսաապահովման համակարգերի աշխատանքը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ընդգծել է, որ ուժային կառույցները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները երկրում հասարակական կարգի եւ անվտանգության լիովին վերականգնման համար:
«Ղազախստանը արմատականների բանակի անակնկալ հարձակման թիրախ էր դարձել»
Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինը Telegram-ի գրառմամբ հայտնել է, որ ՀԱՊԿ ուժերը կտեղակայվեն Ղազախստանի ոչ բոլոր շրջաններում եւ տեղում կապահովեն օբյեկտների պաշտպանությունը։ Իրավիճակի կայունացումից հետո ՀԱՊԿ-ի ամբողջ խաղաղապահ զորախումբը դուրս կբերվի երկրից։
«Սա ողջամիտ միջոց է: Մենք բախվում ենք հանգամանորեն ծրագրված եւ երկրի տարբեր շրջաններում միաժամանակ իրականացված հանկարծակի հարձակման հետ` արմատականների մի ամբողջ բանակի կողմից»,- նշել է Կարինը:
Ղազախստանի պետքարտուղարը հիշեցրել է, որ ՀԱՊԿ առաքելությունը բացառապես խաղաղապահ բնույթ ունի եւ նախատեսված է կարճ ժամանակահատվածի համար։
Ներկայում Ղազախստանի ամբողջ տարածքում գործում է արտակարգ դրություն, հունվարի 10-ին երկրում համազգային սուգ է հայտարարված: