Ըստ ամերիկյան «Բլումբերգ»-ի՝ հարավաֆրիկյան գիտնականները հանգել են այն եզրակացության, որ «Օմիկրոն» մանրէահիմքի ի հայտ գալը նշանակում է, որ համավարակի սուր շրջանը մոտենում է ավարտին:
Հարավաֆրիկյան մի խումբ գիտնականներ հետազոտություններ են անցկացրել այն հիվանդանոցում, որտեղ գրանցվել է «Օմիկրոն» մանրէահիմքի առաջին բռնկումը: Նրանք վերլուծել են ՔՈՎԻԴ-19-ի ներկայիս ալիքի ժամանակ 466 հիվանդների ու հիվանդության 3976 նախկին դեպքերի մասին գրառումները:
«Վարակի ալիքը տարածվում էր աննախադեպ արագությամբ եւ անհամեմատ թեթեւ հիվանդություններ էր առաջացնում, քան նախորդ բոլոր մանրէահիմքերը: Եթե այս սխեման պահպանվի եւ կրկնվի ամբողջ աշխարհում, մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք հիվանդացության եւ մահացության ցուցանիշների ամբողջական տարանջատման իրողությանը»,- գրել են հետազոտության հեղինակները:
Համավարակը դեռ չի անցել
Միեւնույն ժամանակ, ըստ Global Times-ի, չինացի վարակաբան Չժան Վենհունը հայտարարել է, որ կորոնավիրուսը մահվան հանգեցնելու ունակ ծայրահեղ վտանգավոր հիվանդություն է, հատկապես ցածր դիմադրողականությամբ մարդկանց համար:
Բժիշկը քննադատել է այն տեսակետը, ըստ որի` աշխարհում սրընթաց տարածվող «Օմիկրոն» մանրէահիմքն ընկալվում է իբրեւ «ծանր մրսածություն»: Վենհունն ընդգծել է, որ կորոնավիրուսը առաջվա պես վտանգավոր է, իսկ նոր մանրէահիմքը առավել վտանգավոր է ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար:
Նա միաժամանակ դեմ է արտահայտվել երկրների միջեւ մուտքի սահմանափակումների վերացման վերաբերյալ ընդունված որոշումներին: Դրա համար, ըստ չինացի գիտնականի, նախ անհրաժեշտ է թիմային իմունիտետ, որին կարելի է հասնել զանգվածային պատվաստման միջոցով: