ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ Հյուսիսային նավատորմի երգի-պարի անսամբլն ավարտել է Արցախում ամանորյա շրջագայությունը։ Ամփոփիչ համերգներն անցկացվել են Ստեփանակերտում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում։
Արտիստները հայրենական եւ արտասահմանյան էստրադայից տարբեր ժանրերի վոկալային եւ գործիքային ստեղծագործություններ են կատարել, հեղինակային երգեր եւ բանաստեղծություններ, մեղեդիներ կինոֆիլմերից, ինչպես նաեւ պարային բեմադրություններ ցուցադրել։
ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Գալիեւն ասել է, որ արտիստները ԼՂ տարածքում ավելի քան 30 համերգ են ունեցել բոլոր դիտակետերում, ինչպես նաեւ ռուս–թուրքական համատեղ կենտրոնում եւ անմիջապես ռուսական խաղաղապահ զորախմբի կայանում:
Անսամբլի արտիստները շնորհավորել են ամբողջ անձնակազմին, ինչպես նաեւ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների բնակիչներին, Ստեփանակերտի դպրոց–ինտերնատում մարդասիրական ակցիայի մասնակիցներին։
ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Օլգա Գոլուբեւան էլ նշել է, որ միջոցառումն անցկացվել է բարձր մակարդակով, բոլոր զինծառայողներն ու ԼՂ բնակիչները գոհ են մնացել Հյուսիսային նավատորմի երգ ու պարի անսամբլի համերգից: