Թիվ 119 ավագ դպրոցի Գոռ Սարկիսյանի անունը կրող դասարանի առաստաղին խաղաքարտ կա կպած։ Դասընկերների հետ հնարքներ անելիս, երբ ուսուցիչը մտել է դասարան, Գոռը ձեռքի խաղաքարտը շփոթված վերեւ է նետել, ու քարտը մնացել է առաստաղին կպած։ Դասղեկը թույլ չի տալիս, որ պոկեն․ Գոռից մնացած հուշ է։
Գոռ Սարկիսյանը մեկն էր դպրոցի յոթ շրջանավարտներից, որ զոհվեցին Արցախյան երկրորդ պատերազմում։
«Նրա բնավորության գծերը բացառիկ դրական էին»,- ասում է մայրը՝ Լալա Սարկիսյանը։ Կենսուրախ էր, հարգալից, պարտաճանաչ եւ կազմակերպված։
2002-ին էր ծնվել տղան, 6 տարեկանից սպորտով էր զբաղվում, հաճախում էր Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ էր։ Գոռին սպորտում մեծ ապագա էր սպասում, տաղանդավոր մարզիկն արդեն հասցրել էր արժանանալ բազում մեդալների եւ պատվոգրերի։ «Մեդալների թիվը հասնում է 200-ի, իսկ պատվոգրերը մի ամբողջ տուփ են լցնում,- պատմում է մայրը:- Այդ պարգեւներն են մնացել Գոռից, ամեն օր նայում եմ ու հպարտանում։ Եթե վերադառնար պատերազմից, մեծ բարձունքների կհասներ սպորտի բնագավառում»:
Սպորտը Գոռի համար պարզապես զբաղմունք չէր. երիտասարդն ապրում էր սպորտով, դա նրա կենսակերպն էր։ Ամեն առավոտ՝ ժամը 6-ին, գնում էր վազելու, տուն էր վերադառնում ժամեր անց, ու միայն այն ժամանակ էր համարում, որ բավականաչափ մարզվել է, երբ մարզաշապիկը ուղղակի կարելի էր քամել։
«Նոթատետրն եմ գտել, որտեղ նշել է վազքի, մարզասրահի, պարապմունքների ժամերը, սննդակարգը»։
Կազմակերպված երիտասարդը ոչ միայն առողջ ապրելակերպ էր վարում, այլեւ ընտանիքի անդամներին էր պարտադրում, որ իր օրինակին հետեւեն։ «Երեկոյան, երբ ինչ-որ բան էի ուտում, բարկանում էր՝ «Մա՛մ, էլի սկսեցի՞ր»»,- տխուր ժպիտով հիշում է Լալան։
Ընթերցասեր էր։ Հետը երեք գիրք էր տարել բանակ։ Հետո էլ խնդրել էր, որ Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը ուղարկեն։
«Չգիտեմ՝ հասցրե՞ց կարդալ այդ գիրքը»,- ասում է մայրը։
Կյանքով լեցուն տղան բազում նպատակներ եւ երազանքներ ուներ։ Պատերազմի ժամանակ 10-15 վայրկյան տեւող զանգերի ընթացքում էլ հասցնում էր ապագա ծրագրերից խոսել։ Ուզում էր ուսումը Մոսկվայում շարունակել եւ ատամնատեխնիկ դառնալ, նաեւ իր սեփական գործն ունենալ։ Դեռ 15 տարեկանում բիզնես կառավարման դասերի էր գնում, որ կարողանար լավ ծրագիր մշակել եւ ապագայում գումար վաստակել։ Բոլոր ուղղություններով զարգացած էր, ձգտում էր ամեն ինչ իմանալու, ամեն օր նոր բան սովորելու։
Երիտասարդը բանակ էր զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 7-ին։ Ծառայության էր մեկնել մարտական տրամադրվածությամբ։
«Համոզված էի, որ լավ կծառայի։ Ասում էր, որ երբ գնա բանակ, թույլերին ու խեղճերին պաշտպանելու է»,- պատմում է Լալան։
Դեռ 2 ամիս էլ չէր ծառայել, երբ պատերազմը սկսվեց։ Մայրը զարմանում է, թե ինչպես կարելի էր անփորձ երեխաներին, որ դեռ նորմալ զենք բռնել չգիտեին, կռվի տանել։ Բայց իր անհանգստությունը որդու մոտ աշխատում էր ցույց չտալ, ընդհակառակը, ոգեւորում եւ հուսադրում էր նրան, թե այս մղձավանջը շուտով կավարտվի։
«Խնդրում էի՝ ուժեղ լինի ու չվախենա, ասում էր՝ ռազմադաշտում վախեցողները մահվան են դատապարտված»։
Լալան չգիտեր, թե որտեղ է եղել որդին, չգիտեր՝ լսելի եղե՞լ էին նրան կրակոցների ու պայթյունների ձայները։
«Ոչինչ չէր ասում. մի անգամ հարցրի՝ այդ ձայները չե՞ն սարսափեցնում իրեն, ասաց, որ պայթյուն ու կրակոց չի լսում ու չի տեսնում, եւ որ իրենք շատ ապահով եւ թաքուն վայրում են»։
Մայրը հետո է իմացել, որ տղան բազում կռիվների է մասնակցել Մարտունու անտառներում, որ որդու 15 հոգանոց ջոկը թվով մի քանի անգամ իրենց գերազանցող զինված խմբերի դեմ է մարտնչել։ Բայց այս օդային պատերազմում կշեռքի նժարը թեքված էր Ադրբեջանի կողմը, քանի որ վերջինիս նորագույն զինտեխնիկայի դեմ քաջությունն ու պատրաստակամությունը բավարար չէին․ հարվածային կամիկաձե ԱԹՍ-ն 15 հոգանոց հերոսախմբից խլեց 14 կյանք, այդ թվում՝ Գոռինը։
Գոռին կոչել էին եղբոր անունով, որը մահացել էր 5 տարեկանում: Սարկիսյանների ընտանիքը կորցրեց իրենց Գոռին երկրորդ անգամ։
«Բանակ մեկնելիս, չգիտես ինչու, վերցրել էր մահացած եղբոր լուսանկարը։ Շատերն ասում էին՝ անհասկանալի է, որ տարել է այն եղբոր նկարը, որին երբեք չի տեսել, ինչո՞ւ փոխարենը մեծ եղբոր կամ ծնողների նկարները չի վերցրել։ Մինչեւ վերջ էլ այդ նկարը նրա մոտ է եղել՝ համազգեստի թեւի գրպանի մեջ»,- արցունքն աչքերին՝ պատմում է Լալան։
«Չեմ կարողանում սովորել ապրել առանց Գոռիս, անասելի դժվար է։ Մարդու երեւակայությունն անգամ չի կարող թույլ տալ, որ այս ամենը պատկերացնենք, իսկ մենք ապրում ենք այս սարսափ ֆիլմի մեջ, ու, ավա՜ղ, այն չի ստացվում անջատել վահանակի կոճակն ուղղակի սեղմելով»։
Բոլորի կողմից շատ սիրված էր, բոլորն ընտանիքի հետ հավասար ցավում են։ Համադասարանցիների եւ դպրոցի ղեկավարության ջանքերով դասարանը, որտեղ Գոռը սովորել էր, կոչեցին նրա անունով։ Դպրոցի տնօրենության որոշումն էր։ Սիրելով եւ ճանաչելով Գոռին՝ մխիթարվելու համար ուզում էին ինչ-որ բան անել, եւ որ դպրոցի հաջորդ սերունդը ճանաչի հերոսին։
Գոռին սիրում էին ոչ միայն շրջապատի մարդիկ, այլեւ կենդանիները, հատկապես իրենց շունը՝ Բոնին։ Շունն արդեն բավականին ծեր է՝ մոտ տասը տարեկան։ «Ամեն զանգելիս հարցնում էր՝ «Տեսնես, երբ վերադառնամ ծառայությունից, կտեսնե՞մ Բոնիին»»,- պատմում է Լալան։ Բոնին լավ է, բայց Գոռը էլ չի տեսնի իր սիրելի շանը։
«Ցավոք, մեկնելուց առաջ ես չկարողացա վերջին անգամ գրկել եւ «Ցտեսություն» ասել որդուս»,- արցունքոտ աչքերով պամում է Լալան։ Երբ երիտասարդը մեկնում էր բանակ, մայրը քովիդով էր վարակված ու հիվանդանոցում էր։
«Նրա՝ բանակ զորակոչվելու օրը մոտենում էր, ես էլ խուսափում էի հետը շփվելուց, որ տղաս հանկարծ չվարակվեր ու առողջ գնար ծառայության։ Մեկնելու օրը Գոռս եկավ հիվանդանոցի բակ, հեռվից հրաժեշտ տվեց ու գնաց։ Սեպտեմբերի 28-ին պետք է գնայինք Արցախ՝ Գոռիս տեսնելու, բայց պատերազմը սկսվեց․ այդպես էլ չտեսա որդուս»,- մեր զրույցն ամփոփում է Լալա Սարկիսյանը։